Մինասի որմնանկարները Գյումրիի ճաշարանից կտեղափոխվեն կառավարության շենք

14:42 • 01.09.10

Հայ անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարները կվերականգնվեն և կտեղադրվեն ՀՀ կառավարության շենքի խորհրդակցությունների և նիստերի դահլիճներում։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը՝ նշելով, որ արդեն երկրորդ անգամ է կառավարությունը ձեռք մեկնում Մինասի որմնակարների վերականգնմանը։

Նախորդ տարի կառավարության ֆինանսավորմամբ վերականգվել և Ջաջուռի թանգարան է տեղափոխվել «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը։

Այս տարի վերոնշյալ երկու որմնակարների վերականգնմանը կառավարությունը հատկացրել է 20 մլն դրամ։ Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի մասնաշենքում գտնվող «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների վերականգնման գործում հայ մասնագետներին կաջակցի Իտալիայից այսօր ժամանող մասնագետը։ Որմնանկարների վերականգնման առաջին փուլն սկսվում է այսօրվանից և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։

Երկրորդ փուլի աշխատանքները կիրականացվեն սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 6-ը։ Իսկ երրորդ փուլում՝ հոկտեմբերի 25ից մինչև նոյեմբերի 3-ը, կիրականացվեն որմնանկարների տեղափոխման և կառավարության շենքում տեղադրման աշխատանքները։

Մշակույթի նախարարության պաշտոնյան կիսում է այն մտահոգությունը, թե որմնանկրաները կառավարության շենքում տեղադրելով՝ հասարակությունը կզրկվի դրանք դիտելու հնարավորությունից։ «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել կառավարության հետ, որպեսզի շաբաթական 1 օր բաց դռների օր հայտարարվի, և ցանկացողներն անարգել այցելեն կառավարություն ու դիտեն որմնակարները»,- հավաստեց նա։

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը, ով Մինաս Ավետիսյանի որդին է, նշեց, որ որմնակարներն այսօր գտնվում են փլատակների մեջ։ Շտապ վերականգնման կարիք ունեն ևս 6 որմնակարներ, որոնց թվում է հայտնի «Արմենիա» որմնանկարը։

«Այս տարի նախապատվությունը պետք է տրվեր «Արմենիա» որմնանկարին, սակայն, ցավոք, այս տարի այդ գործը գլուխ չեկավ։ Մշակույթի նախարարության և Շիրակի մարզպետարանի միջև նախնական պայմանավորվածութուն կա այդ որմնակարը վերականգնելու ուղղությամբ»,- նշեց Ավետիսյանը։

Նա Գյումրիի իշխանությունների այն հայտարարությունները, թե Մինասի որմնանկարները չպետք է այդ քաղաքից դուրս հանվեն, «սպեկուլյատիվ բնույթի» հայտարարություններ անվանեց՝ նշելով, որ Երևանը նույնպես Հայաստանում է գտնվում։ «Եթե մարդիկ այդքան մտահոգված են, ապա ինչո՞ւ են որմնանկարները 22 տարի մնում փլատակների մեջ։ Հենց սկսվում են որոշակի աշխատանքներ, արվում են նաև նման հայտարարություններ»,- ընդգծեց Մինասի որդին։

Ի դեպ, մշակույթի նախարարությունը թերահավատորեն է վերաբերվում Գյումրիի քաղաքապետի այն խոստումներին, թե ինքն ի վիճակի է վերականգնել Մինասի՝ Գյումրիում գտնվող բոլոր որմնանկարները։ «Դա միայն ողջունելի է, սակայն որմնանկարներ վերականգնելը շատ ծախսատար աշխատանք է»,- նշեց Սոնա Հարությունյանը։