Բյորքը և Մորիկոնեն արժանացել են «Նոբելյան մրցանակի»
Շվեդիայի մայրաքաղաքում անցկացվել է հեղինակավոր «Պոլար» մրցանակաբաշխությունը (Polar Music Prize), որը համարվում է երաժշտության ոլորտի Նոբելյան մրցանակը։
Այս տարի «Պոլարի» դափնեկիր են դարձել իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն և իսլանդացի երգչուհի Բյորքը։ Մրցանակը նրանց անձամբ հանձնել է Շվեդիայի թագավորը։ Այս մասին ասվում է Polar Music Prize–ի պաշտոնական կայքում։
Երգչուհի և երգահան Բյորքն օժտված է անկրկնելի և յուրահատուկ վոկալային տվյալներով։ 44–ամյա Բյորքի արտաքինը ժամանակի ընթացքում չի փոխվում. նա ավելի շատ դեռահասի է նման, քան հասուն կնոջ։
Մրցանակը հանձնելիս՝ ժյուրին նշել է, որ իր ստեղծագործական գործունեության ընթացքում տաղանդավոր երգչուհին ինչպես ոչ ոք կարողացել է համատեղել ավանգարդն ու փոփ ոճը։
Ինչ վերաբերում է Էնիո Մորիկոնեին, նա հռչակ է ձեռք բերել ոչ միայն որպես տաղանդավոր կոմպոզիտոր և գործիքավորող, այլև որպես անկրկնելի երաժշտական ոճ ունեցող դիրիժոր։ Նա հատկապես լայն ճանաչում է ձեռք բերել կինոնկարների համար գրված երաժշտության շնորհիվ, ինչպես օրինակ «Մեկ անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Ծովահրեշը» և այլ հայտնի ֆիլմերի։










