Ադամ Շիֆը PBS-ին առաջարկում է ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին «Աղետ» ֆիլմը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայամետ անդամ Ադամ Շիֆը սեպտեմբերի 1-ով թվագրված նամակում Հանրային հեռարձակման ծառայության (PBS) տնօրեն Պաուլա Ֆերկերին առաջարկել է ԱՄՆ տարածքում ցուցադրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ. Մի ցեղասպանություն» գերմանական վավերագրական ֆիլմը:
Նամակում կոնկրեսական Շիֆը շեշտում է, որ ինքը ներկա է եղել ֆիլմի՝ Կոնգրեսի շենքում վերջերս տեղի ունեցած ցուցադրությանը և խիստ տպավորված է։
«PBS-ը ստեղծվել է նման ծրագրերի համար: Կայանը կրթական և հանրային մեծ ծառայություն կկատարի՝ ցուցադրելով այս վավերագրական ֆիլմը, միաժամանակ՝ Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնելով ամերիկացիներին: Այս ֆիլմը պետք է դիտի յուրաքանչյուր ամերիկացի»,- գրել է Շիֆը:
Հայոց ցեղասպանության ու այդ ոճիրն ուրանալու Թուրքիայի ջանքերի մասին պատմող այս ֆիլմը Գերմանիայում առաջին անգամ ցուցադրվել է 2010թ. ապրիլին, իսկ հուլիսի 21-ին Շիֆի ջանքերով այն ցուցադրվել է նաև ամերիկյան Կոնգրեսի շենքում։










