Վենետիկի կինոփառատոնը մեկնարկեց առանց Ջաֆար Փանահիի
Երեկ Լիդո կղզում մեկնարկեց Վենետիկի 67–րդ միջազգային կինոփառատոնը, որին, սակայն, չէր մասնակցում աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր, ընդդիմադիր Ջաֆար Փանահին:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ` Իրանի իշխանություններն արգելել են Փանահիին մասնակցել Վենետիկի կինոփառատոնին, նրա ձեռքից վերցրել են անձնագիրն ու արգելել են հինգ տարի զբաղվել ռեժիսորական գործով։
Պաշտոնական Թեհրանն արգելել էր Փանահիին մասնակցել նաև Կաննի կինոփառատոնին:
Վենետիկի 67-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվելու է Ջաֆար Փանահիի «Ակորդեոն» ֆիլմը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին հայտնի ռեժիսորին ձերբակալել էին Իրանում ընդդիմադիր հայացքներ արտահայտող ֆիլմ նկարահանելու համար: Երեք ամիս բանտում անցկացնելուց հետո Փանահին ազատ էր արձակվել:
Նշենք նաև, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը նույնպես միացել էր ակցիային, որի մասնակիցները հանդես էին գալիս իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Ջաֆար Փանահիին ազատ արձակելու պահանջով։










