Բաքուն սպառնում է «սև ցուցակ» մտցնել Վալդիս Պելշին
Ադրբեջանում անհանգստացած են հայկական լրատվամիջոցների տարածած այն տեղեկության առնչությամբ, որ ռուսաստանցի շոումեն Վալդիս Պելշը Արցախի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ժամանել է Ստեփանակերտ։
1news.az-ը կապվել է Ռուսաստանի հեռուստահաղորդավարների միության հետ, որտեղ, ըստ ադրբեջանական կայքէջի, շատ են զարմացել՝ լսելով Պելշի այցի մասին լուրը:
Բացի այդ, 1news.az-ը կապվել է РУ-КОНЦЕРТ կազմակերպության հետ, որը համարվում է Վալդիս Պելշի պաշտոնական համերգային գործակալը: РУ-КОНЦЕРТ-ի ներկայացուցիչներն ադրբեջանական լրատվամիջոցին տեղեկացրել են, որ ոչնչով չեն կարող օգնել, քանի որ Պելշն իրենց հաճախորդն է, և իրենք պարտավոր են չհրապարակել կոմերցիոն գաղտնիքը:
Երկար տվայտանքներից հետո 1news.az-ը դիմել է Ադրբեջանի արտգործնախարարությանը, որի պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, որ եթե պարզվի, որ Վալդիս Պելշը գտնվում է «ադրբեջանի օկուպացված տարածքներում», ապա ադրբեջանական իշխանությունները ռուսաստանցի շոումենին կներառեն «սև ցուցակում», և նա Ադրբեջանում կհայտարարվի անցանկալի անձ:
Հիշեցնենք, որ անցած տարի Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակը համալրել էին հայտնի ռուս երգչուհի Նադեժդա Բաբկինան և «Չայ վդվոյոմ» խումբը, քանի որ վերջինները մասնակցել էին ԼՂՀ անկախության տարեդարձին նվիրված՝ Ստեփանակերտի համերգին:










