Զեմֆիրան Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չի համարում

17:32 • 02.09.10

Ռուսաստանյան ռոք աստղ Զեմֆիրան Ռուսաստանը ժողովրդավարական երկիր չի համարում։ Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ պատրաստ չէ աջակցել ընդդիմադիրներին, քանի որ ոչինչ չգիտի նրանց գործունեության մասին։ Այս մասին նա ասել է երեկ կայացած ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ինքը Ռուսաստանը համարում է ժողովրդավարական երկիր, ինչի մասին այդքան սիրում է խոսել ռուս վարչապետ Վլադիմիր Պուտինը։

«Ոչ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր է,- ասել է նա։- Ինչո՞ւ։ Որովհետև մեզ մոտ բազմաթիվ խնդիրներ կան, կաշառակերություն։ Մինչև գրպանը փող չխցկես, չեն թողնի՝ մեքենադ կայանես, չեն թողնի՝ մտնես հիվանդանոց... Ինչպե՞ս թե ինչու։ Որովհետև շատ բաներ, որոնք պետք է բնորոշեն ժողովրդավարական հասարակությանը, այս երկրում չեմ տեսնում»,- ասել է Զեմֆիրան։
Խոսելով ընդդիմության մասին՝ նա ասել է, որ ինքը հեղափոխական չէ և չի սիրում զանգվածային կուտակումներ։ Երգչուհին նաև նշել է, որ ինքը իր դիրքորոշումն արտահայտում է համերգների ժամանակ, ալբոմներում, և որ ինքն այն մարդկանցից է, որ բարիկադների վրա բարձրանալ չեն սիրում։