Մեր բոլոր հաղթանակների և ձեռքբերումների հիմքում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունն է. Բակո Սահակյան

12:01 • 03.09.10

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին պետական պարգևներ և կոչումների վկայականներ է հանձնել երկրին ծառայություններ մատուցած մի խումբ քաղաքացիների:

Նախագահը մասնակցել է նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նկարների ցուցահանդեսին և «Կարոտ» միջազգային հայկական 3-րդ փառատոնի բացման հանդիսավոր միջոցառմանը ու հանդես եկել ողջույնի խոսքով:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից, Բակո Սահակյանը, մասնավորապես, ասել է.

«Թանկագին հայրենակիցներ,
Հարգարժան հյուրեր,

Ուրախ եմ ողջունել բոլորիդ:
Եվ նախևառաջ ուզում եմ ի սրտե շնորհավորել արցախցիներին մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Այդ իրադարձությունը ունեցավ համահայկական նշանակություն և նոր էջ բացեց մեր նորագույն պատմության մեջ: Մայր Հայաստանի և աշխարհասփյուռ հայության հետ միասին Արցախը, դիմակայելով բազմաթիվ դժվարությունների, կարողացավ պահպանել ու ամրապնդել իր պետական անկախությունը և անվտանգությունը, հուսալի հիմք ստեղծել կայուն զարգացման համար:

Մեր բոլոր հաղթանակների և ձեռքբերումների հիմքում ընկած է առաջին հերթին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիությունը: Այդ միասնության ամրապնդման գործում անգնահատելի է մշակութային կապերի ընդլայնման և ոլորտի զարգացման նշանակությունը: Եվ այս գործընթացում իր ուրույն դերակատարությունն ունի «Կարոտ» միջազգային փառատոնը, որը մեկնարկեց 2008 թվականին և դարձավ համահայկական նշանակալի իրադարձություն:

Փառատոնի կազմակերպման գործում իրենց ջանքերն են համադրում Հայրենիքի և Սփյուռքի պետական ու հասարակական կազմակերպությունները, բիզնես շրջանակները, մշակույթի ականավոր ներկայացուցիչներ, մարդիկ, որոնց համար հայ ինքնության և ազգային ժառանգության պահպանումը հանդիսանում է բացառիկ արժեք:

«Կարոտի» աշխատանքները դրական լիցք են հաղորդում նաև մշակութային միջազգային երկխոսության զարգացմանը, նպաստում են արտերկրում հայկական մշակույթի ճանաչելիությանը, ինչպես նաև տարբեր երկրների ու ժողովուրդների մշակույթը Հայաստանում և Արցախում ներկայացնելու գործընթացին: Այն, որ այսօր մեզ հետ միասին այստեղ են Ամերիկայից, Ռուսաստանից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և այլ տարածաշրջաններից ժամանած անվանի երաժիշտներ, դերասաններ, մշակույթի ականավոր գործիչներ` դրա վառ ապացույցն է: Մենք խորապես շահագրգռված ենք և բաց ենք նման համագործակցության համար:
Ավարտելով խոսքս` ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կարոտ» միջազգային փառատոնի կազմակերպիչներին, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամին` այս կարևոր միջոցառումն Արցախում անցկացնելու համար: Հուսով եմ, որ այն կլինի շարունակական և կդառնա բարի ավանդույթ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություններ ու ամենայն բարիք»: