Հախվերդյանը չի պատրաստվում մերժել թուրքերի առաջարկը (տեսանյութ)
Երգիչ Ռուբեն Հախվերդյանն իր երգերի հեղինակային իրավունքները գնելու առաջարկ թուրքական կողմից չի ստացել։ «Դա բացարձակ սուտ է», – այսօրվա ասուլիսին ասաց նա՝ մեկնաբանելով վերջերս մամուլում հրապարակված տեղեկությունը։
Միաժամանակ, նա հավելեց, որ եթե նման առաջարկ ստանար՝ չէր հրաժարվի։
«Եթե Պողոսը կամ Պետրոսն աղավաղում են իմ երգերի բառերը, ավելի լավ չէ՞ր լինի, եթե իմ ասածը հնչեր մաքուր թուրքերենով», – ասաց Հախվերդյանը՝ հավելելով, որ որևէ ազգի կուրորեն չի կարելի ատել։
Խոսելով ժամանակակից հայ երգարվեստի մասին, որը հաճախ լսվում է տարբեր ռեստորաններում՝ երգիչը նշեց, որ այդ «ոռնոցից» անգամ կենդանիներն են փախչում։
Երգիչը նաև նշեց, որ կառավարական շրջանակներում նույնպես «թրքաբարո ձևով են ապրում» և լսում նմանատիպ երգեր։
Իր հերթին ասուլիսին մասնակցող Արտավազդ Բայաթյանը հավելեց, որ հայ երաժշտությունը «շաղախված է» թուրքական էլեմենտներով։
Եվ դա, ըստ բանախոսի՝ խրախուսանքի է արժանանում։ Այս պարագայում նա հիշեց մի ռուսական ասացվածք. «Как живем, так и танцуем»։










