Անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ուկրաինացի գրող

11:06 • 03.09.10

Ուկրաինացի հայտնի գրող, Ուկրաինայի գրողների միության փոխնախագահ Վասիլի Շկլյարը անհրաժեշտ է համարում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, գրողը նման կարծիք էր հայտնել «Հայոց ցեղասպանություն. Առանց մոռացության իրավունքի» խորագրով «կլոր սեղանի» ժամանակ։

«Իսկապես տարօրինակ է, երբ մի պետություն, որի ժողովուրդը Գոլոդոմոր է ապրել, մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ Մեծագույն չարիք է, երբ գիտես ճշմարտությունը, բայց չես ուզում այն ընդունել, և դա խոսում է պետության թուլության մասին, չէ որ դա բարոյականության հարց է։ Որպես ուկրաինական մտավորականության ներկայացուցիչ՝ ես ամաչում եմ։ Հնարավոր է՝ մենք ավելի քիչ ենք ուկրաինացիներին պատմել Հայոց ցեղասպանության մասին, քան կարող էինք։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է դիմել բարձրագույն պետական այրերին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով, ինչը մեզ համար կծառայի որպես որոշակի մաքրագործում»,- ասել է ուկրաինացի գրողը։

Նշենք, որ կլոր սեղանն անցկացվել էր ապրիլի 23-ին Կիևում, և քննարկմանը մասնացել էին ուկրաինացի հայտնի քաղաքագետներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, պաշտոնական անձինք, Հայոց ցեղաստանությունը ճանաչած պետությունների դեսպանատներից ներկայացուցիչներ։

«Կլոր սեղանի» այդյունքում որոշում էր կայացվել՝ դիմել Ուկրաինայի նախագահին ու խորհրդարանին՝ օրենսդրական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրանքով։ Դիմումի տակ իրենց ստորագրությունն էին դրել ուկրաինացի հայտնի հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։