Թուրքիան արդեն սկսել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Ժերար Դեպարդյե
«Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում այս օրերին Հայաստանում է Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն։
Այսօր նա այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց Դեպարդիեն՝ նա շատ ազդված է այդ այցից։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե որքանով է հավանական, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ դերասանն ասաց. «Ես կարծում եմ, որ նրանք այդ գործընթացն արդեն կամաց–կամաց սկսել են։ Ես այստեղ չեմ ուզում քաղաքականությամբ զբաղվել, բայց գիտեմ, որ կան երկրներ, որոնք այդ հարցը դրել են Թուրքիայի առջև։ Այստեղ մշակույթը շատ մեծ դեր է խաղում, դա է ստիպելու…»։
Դեպարդյեն ընդգծեց, որ իր համար մշակույթն ավելի կարևոր է, քան քաղաքականությունը։
Դերասանի խոսքով՝ քաղաքականությունը հետաքրքրությունների, շահերի հավասարակշռումն է, իսկ մշակույթը՝ մարդու ներքին ազատությունը, իր արմատների ազատությունը։
«Պետք է մարդկանց սովորեցնել, որ իրենք տարբեր են, և պետք չի վախենալ այդ տարբերություններից», – պարզաբանեց նա։










