Երիտասարդ հայ երաժիշտները կնվագեն Հայ–ավստրիական փառատոնի գալա համերգին
Սեպտեմբերի 7–16–ը Հայաստանում կանցկացվի Հայ–ավստրիական 2–րդ երաժշտական փառատոնը։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց Երևանի պետական Կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, այս տարի փառատոնը կանցկացվի հետաքրքիր մոդելով։
«Այս տարի մենք ընդլայնել ենք մեր ծրագրերը և փառատոնը անվանել «փառատոն–ակադեմիա»», – ասաց նա՝ պարզաբանելով, որ փառատոնի շրջանակում բացի համերգներից կանցկացվեն վարպետության դասեր։
Բաբախանյանը տեղեկացրեց, որ վարպետության դասերին մասնակցելու համար արդեն գրանցվել են բազմաթիվ երիտասարդ երաժիշտներ։ «Արդյունքում մասնագետները կընտրեն լավագույններին, ովքեր և հանդես կգան գալա համերգում անվանի երաժիշտների հետ», – ասաց նա։
Խոսելով փառատոնի նպատակների մասին՝ դաշնակահարը նշեց, որ հայ երիտասարդ երաժիշտներին հարկավոր է ծանոթանալ լուրջ և կարևոր երաժշտական դպրոցներից մեկի՝ ավստրիականի հետ։
«Նմանատիպ աշխատանքային մոդելը տարածված է Եվրոպայում, իսկ մենք ուսուցման խնդիր ունենք», – նկատեց դաշնակահարը։
Իր հերթին երգչուհի, փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Մարիա Փամմերը հավելեց, որ այս տարի փառատոնի շրջանակում կնշվեն Շումանի և Գուստավ Մալերի հոբելյանները։ Ինչ վերաբերում է ավստրիական երաժշտությունը, այս տարի Երևան կժամանի ավստրացի հայտնի կոմպոզիտոր Իվան Էրյոդը։
Հավելենք, որ վարպետության դասերը կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլ Գյումրիում և Վանաձորում։










