Մեկնարկեց Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը

20:30 • 06.09.10

Սեպտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը, որին մասնակցելու նպատակով աշխարհի 15 երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 60 արվեստագետ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ համաժողովականներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ են դրել 1915թ. Եղեռնի զոհերի հիշատակին:

Նրանք այցելել են նաև Ժամանակակից արվեստի թանգարան, ծանոթացել առկա խնդիրներին: «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ բացվել է «Հայաստան-Սփյուռք» կերպարվեստի գործիչների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է Սփյուռքի և հայաստանյան արվեստագետների 70 աշխատանք:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը` աշխարհասփյուռ հայ արվեստագետներին եւ նրանց աշխատանքները մեկ հարկի տակ հավաքելու փայլուն եւ հաջողված նախաձեռնության համար` «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը նախարարին հրավիրել է ազդարարելու միջոցառման հանդիսավոր բացումը:

«Ուրախ եմ Ձեզ ողջունելու մեր Հայրենիքում, բարով եք եկել Ձեր տուն»,- նշեց Հ.Հակոբյանն` ընդգծելով, որ եթե միայն ներկա արվեստագետների բոլոր աշխատանքները հավաքվեին, ապա այս մշակութային կենտրոնի դահլիճը չէր բավականացնի դրանք ցուցադրելու համար: «Մեր նախարարության գործունեության առանցքը հայկական ներուժի համախմբումն է: Հավաքվելով և ծանոթանալով միմյանց հետ, դուք կստեղծեք կերպարվեստի գործիչների ընկերակցություն, որը Հայրենիքի հետ կապերը սերտացնելու և մտավոր կարողություններն ի նպաստ Հայրենիքի օգտագործելու լավագույն հնարավորությունը կլինի»,- եզրափակել է նա:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդել է համերգայինը: Ելույթ են ունեցել «Միհր» պարային թատրոնը և «Շելլ» տրիոն:

Համաժողովի մասնակիցներն այցելել են նաև Հայաստանի նկարիչների միություն:

Միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ համաժողովի մասնակիցները դիտել են «Հայաստանի թատրոնի, կինոյի, հեռուստատեսության նկարիչները» խորագրով և Քնարիկ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսների ցուցանմուշները: Այս մասին հայտնում են ՀՀ Սփյուռքի նախարարությունից։