Կիրկորովը կգա Հայաստան, եթե հայերը ցանկանան դա. Բեդրոս Կիրկորով (տեսանյութ)
«Ես ուզում եմ խոստանալ ձեզ, որ եթե հետաքրքվածություն լինի, Ֆիլիպը կժամանի Երևան։ Երեք տարի առաջ, երբ նա պետք է հյուրախաղերով հանդես գար Ադրբեջանում, մեզ զանգահարեցին և ասացին՝ թող չգա, կլինեն անախորժություններ։ Եվ մենք չմեկնեցինք»,- այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս էստրադայի հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը։ Ի դեպ, նա Երևանում է «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում։
Չթաքցնելով իր հայկական ծագումը՝ Բեդրոս Կիրկորովը հայերին խորհուրդ տվեց ագրեսիվ չլինել թուրքերի հանդեպ։ «Ես ուղղակի զարմացած էի, երբ Ֆիլիպը երգում էր թուրքական երգեր՝ հագին թուրքական բլուզ։ Չպետք է ագրեսիվ լինել, հակառակը, պետք է գնալ բարեկամության ճանապարհով, որպեսզի մենք խաղաղ ճանապարհով հետ բերենք մեր հողերը։ Եթե մենք երկրորդ, երրորդ պատերազմն անենք, դա ագրեսիվ կդարձնի մեր սերունդներին։ Քաղցր լեզվով և օրինական ճանապարհով պետք է բոլորը հետ բերենք»,- նշեց նա։
Բեդրոս Կիրկորովը համերաշխության կոչերով հանդես գալով՝ հիշեց մի ընտանիքի. «Մոսկվա տանող ճանապարհին կա սրճարան, որը պատկանում է ադրբեջանցի և հայ ամուսիններին։ Ադրբեջանցի ամուսնուն իր երկրում ասել են՝ բաժանվիր հայ կնոջիցդ, հակառակ դեպքում անախորժություններ կունենաս։ Նա ընտանիքով տեղափոխվել է Ռուսաստան։ Դա համերաշխության նշան է։ Եկեք համրաշխություն ցուցաբերենք, որպեսզի չլինի այն, ինչ ես տեսնում եմ այսօր»։
Կիրկորովը նշեց, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է նաև Ղարաբաղում և շատ տպավորված է. «Առաջին անգամ էի Ղարաբաղում, շատ էի լսել, բայց չէի տեսել։ Ես տեսա, որ այնտեղ պահպանվել է հայկական ոգին, սերը սեփական ազգի և հպարտության հանդեպ»։










