«Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի պրեմիերայի ժամանակ ռուս դերասանը սրտի նոպա է ունեցել (տեսանյութ)

17:16 • 06.09.10

«Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանում են Ռուսաստանի կինոյի և թատրոնի ժողովրդական և վաստակավոր դերասանները։ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը, որն անդրադարձ է Հայոց ցեղասպանությանը, նրանց մասնակցությամբ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում ցուցադրվել է սեպտեմբերի 5-ին։ Առաջին անգամ ռուս դերասանների մասնակցությամբ այս պիեսը բեմ է բարձրացել երկու տարի առաջ Մոսկվայում։ Ռուս դերասաններն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ սիրով են խաղում ներկայացման մեջ։

Ռուսաստանի կինոյի և թատրոնի հայտնի դերասան Իգոր Կոստալևսկին նշեց, որ այդ ներկայացման մեջ ամփոփված է ամեն ինչ. «Այստեղ մեր հարաբերություններն են, մեր ցավը, մեր հասկացողությունը, կտրուկ ժխտումը այդ ամենի»։

Ըստ նրա՝ երկու տարի առաջ պիեսը մեծ արձագանք է ունեցել Մոսկվայում։ «Ճիշտ է, Մոսկվայում այլ հանդիսատես էր, սակայն երբ մարդիկ գալիս են նման ներկայացումներ դիտելու, նրանք հասկանում են, թե ինչու են եկել։ Երեկ մարդիկ եկել էին մեծ ցավով և անհանգստությամբ, և այդ ամենը փոխանցվում էր նաև մեզ»,- նշեց դերասանը։

Մոսկվայի հայկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը նշեց, որ «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսն օտարազգի դերասանների մասնակցությամբ բեմադրելու նպատակներից մեկն էլ այն է, որ միայն հայերը չբարձրացնեն այդ խնդիրը։

Նա պատմեց՝ երկու տարի առաջ Մոսկվայում առաջին ներկայացման ժամանակ դերասաններից մեկը հուզմունքից սրտի նոպա է ունեցել։ Ներկայացումից հետո նրան տարել են հիվանդանոց։ Դերասանը խոստովանել է, որ մինչև այդ չգիտեր հայերի պատմությունը, չէր լսել Կոմիտաս։ Չնայած վատառողջ լինելուն՝ դերասանը խաղացել է նաև երևանյան ներկայացման մեջ։

«Ոչ ոք չմտածեց, թե ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ Հայաստանում։ Բոլոր գերտերությունները մի կողմ քաշվեցին»,- սրանք դերասան Գրիգորի Պոտոցկիի խոսքերն են։ Նա մարդկությանը հիշեցնում է՝ եթե ուրիշի տան ցավը չի դառնում քո ցավը, նշանակում է՝ այդ ողբերգությունը վաղ թե ուշ կգա քո կողմը։

«Այդ հրեշավոր հանցագործության ակնատեսներից մեկը երեկ դիտում էր ներկայացումը, բայց դա նրա համար ներկայացում չէր, դա նրա համար իրական կյանք էր։ Դա միայն ներկայացո՞ւմ էր, իսկ դուք մտածե՞լ եք, որ երեկ, այսօր նույն դեպքերն են տեղի ունենում Ղրղըզստանում. կես միլիոն ուզբեկ է սպանվել»,- նշեց դերասանը։

Ըստ նրա՝ կարոտ բառը սրտի ցավ է նշանակում։

Գրիգորի Պոտոցկին Հայաստան այցելության ժամանակ եղել է նաև Ղարաբաղում և համոզվել՝ բարությունը կփրկի աշխարհը։ «Եթե մենք բոլորս միասին լինենք, ոչ ոք չի ընկնի, մեկը մյուսին պատերազմով չի սպառնա։ Հայաստանում և Ղարաբաղում կյանքի նոր քաղաքականություն է ձևավորվել։ Դուք կարծում եք Ղարաբաղը հնարավո՞ր է ոչնչացնել։ Այո, եթե բոլորին սպանեն, դարձյալ ցեղասպանություն անեն, հնարավոր է։ Սակայն Ղարաբաղը հնարավոր չէ ոչնչացնել ոչ մի զենքով՝ ոչ միջուկային, ոչ քիմիական»,- նշեց նա։

Դերասան Էմմանուել Վիտորգանի խոսքով՝ ներկայացման նպատակ է հանդիսատեսին հասկացնել, որ սա կյանքում լավագույն տարբերակը չէ։ «Մենք ապրում ենք միայն այն նպատակի համար, որ օգնենք մեկս մյուսին, գոյություն չունի այլ տարբերակ»,- ասաց դերասանը՝ նշելով, որ նկատել է՝ ի տարբերություն ադրբեջանցիների և վրացիների՝ հայերն ավելի հանդարտ են։

Դերասան և երգիչ Բեդրոս Կիրկորովը խորհուրդ տվեց ամեն շաբաթ այս ներկայացումը ցուցադրել՝ այդպիսով հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին։ Նրան, սակայն, զայրացրել էր այն, որ ռուս դերասանների խաղի համար Հայաստանում լավ պայմաններ չէին ստեղծվել։ «Իսկ ինչո՞ւ այդ ներկայացմանը հովանավոր չգտնվեց, դերասանների խոսքերի մի մասը չէր լսվում, հասկանալի չէր՝ ինչի մասին էր խոսքը»,– ասաց նա՝ հավելելով, որ խոսքն ընդամենը 12-13 հազար դոլար ֆինանսավորման մասին էր։