Նոր դեմքեր և նոր հաղորդումներ Հանրայինում
Շուտով կմեկնարկի Հանրային հեռուստառադիոընկերության նոր եթերաշրջանը։ Ինչպես այսօրվա ասուլիսին ասաց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, նոր եթերաշրջանում նախապատվությունը տրվելու է ոչ թե սերիալներին և շոու ծրագրերին, այլ ավելի «լուրջ» հաղորդումներին։
Ըստ նրա՝ որոշ փոփոխություններ են սպասվում և լրատվական ծառայությունում։ Այսպես, շուտով «Հայլուրը» կունենա նոր տաղավար։ Հարությունյանը հավելեց, որ Գևորգ Ալթունյանը նշանակվել է ծրագրի տնօրենի տեղակալ։ Արմեն Ամիրյանի հրամանով Գագիկ Բունիաթյանը նշանակվել է Հանրային Հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր։
Բացի դրանից, կա ևս մեկ փոփոխություն. Հրաչ Քեշիշյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոխորհրդի գլխավոր խորհրդական։
Հարությունյանը հավելեց, որ նոր եթերաշրջանում կմեկնարկեն նոր քաղաքական հաղորդումներ։
«Կշարունակվի գեղարվեստական ֆիլմերի արտադրությունը», – ասաց նա՝ նշելով, որ վերջերս մեծ էկրան դուրս եկած «Խաչագողի հիշատակարան» ֆիլմը հաջողություն է ունեցել։
Հեռուստառադիոխորհրդի նախագահի խոսքով՝ Շիրվանզադեի գործի հիման վրա նկարահանված «Արտիստ» ֆիլմը շուտով կցուցադրվի կինոթատրոնում։
Բացի դրանից շուտով կսկսվեն «Խաչատուր Աբովյան» գեղարվեստական ֆիլմի նկարահանման աշխատանքները։ «Այս տարի կսկսվեն նաև «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, այն պատրաստ կլինի մյուս տարի», – հավելեց նա։
Հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտել վավերագրական ֆիլմերի շարք։
Առաջին ֆիլմը կցուցադրվի արդեն սեպտեմբերի 20–ից հետո։ «Կարծում եմ՝ բավական լավ ֆիլմեր են ստացվել», – ասաց նա՝ նշելով, որ այդ ֆիլմաշարը տարբեր թեմաներ կբարձացնի։
Բացի դրանից նախատեսվում է կազմակերպել հոբելյանական համերգներ, առաջինը կնշվի Վահան Տերյանի 120–ամյակը։ Այդ երեկոյի ընթացքում առաջին անգամ կհնչի Ռոբերտ Ամիրխանյանի նոր երգը։
Հանրայինի եթերում կցուցադրվեն նաև մարզական խոշոր միջոցառումները, այդ թվում՝ Արթուր Աբրահամի մենամարտերը։










