Կյանքից հեռացավ դերասան Ռազմիկ Արոյանը

09:58 • 09.09.10

63 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան Ռազմիկ Արոյանը:

Նա ծնվել է 1947թ. Թեհրանում՝ Խորհրդային ծառայողի ընտանիքում: Նախադպրոցական տարիքում հաճախել է Թեհրանում ԽՍՀՄ դեսպանատան թատերական խմբակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

1967թ. նա ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, ընդունվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից գործող Վ. Աճեմյանի դպրոց-ստուդիան, եղել է Վ. Աճեմյանի սիրելի ուսանողը: Ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է նույն թատրոնում: Այնուհետև աշխատել է «Նորք» երիտասարդական թատրոնում:

Բեմում մարմնավորել է բազմաթիվ հիշվող և հանդիսատեսի համար հարազատ դարձած կերպարներ: Խաղացել է Մ. Գորկու «Հատակում» (Սատին), Գ. Սունդուկյանի «Պեպոյում» մարմնավորել է Կակուլիի կերպարը` Բ. Ներսիսյանի և Խ. Աբրահամյանի հետ:

Մեծ է Արոյանի ավանդը նաև հայ կինոմատոգրաֆիայում: Նկարահանվել է շուրջ 30 գեղարվեստական և կարճամետրաժ ֆիլմերում: Նրան հատկապես մեծ համբավ բերեց «Թթենին» կարճամետրաժ ֆիլմը: Նկարահանվել է «Կոմիսար Մհերի արկածները», «Յոթ սարից այն կողմ», «Արևիկ» և այլ ֆիլմերում։

Կյանքի վերջին շրջանում Ռ. Արոյանը նկարահանվել է հեռուստասերիալներում. «Ճակատագրի գերիները», «Որոգայթ», «Դժբախտ երջանկություն»: Ստեղծել է բավականին հետաքրքիր կերպարներ, որոնցով նա միշտ կմնա ժողովրդի հիշողության մեջ: