Շոուն շարունակվում է. թուրք գործարարները ձեռուոտ են ընկել և խոստանում են տեղադրել խաչը

13:59 • 09.09.10

Վանի գործարարների շրջանում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ հայերի 250 հոգանոց խումբը հրաժարվել է ժամանել Վան և մասնակցել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին մատուցվելիք պատարագին: Այս մասին գրում է թուրքական Referans օրաթերթը` ավելացնելով, որ եկեղեցու վրա մինչև պատարագը խաչ չտեղադրելու մասին թուրքական իշխանությունների որոշումից հետո Վանում շրջանառվում է այն տեսակետը, թե հնարավոր է` բոլոր հայերը չեղյալ հայտարարեն կղզի այցելելու իրենց որոշումը:

«Մինչև պատարագը խաչ չտեղադրելու մասին որոշումից հետո հայերն սկսեցին մեկը մյուսի հետևից չեղյալ հայտարարել Վան այցելություններն ու հյուրանոցային ամրագրումները: Իսկ այս փաստը ստիպեց Վանի գործարարներին ձեռքները ծալած չնստել: Վանի գործարարները, որոնք ակնկալում են, որ Սուրբ խաչում մատուցվելիք պատարագը մեծապես կնպաստի Վանի տնտեսությանն ու կակտիվացնի հարևան Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները, խոստացել են հնարավորին շուտ տեղադրել խաչը»,- գրում է թուրքական պարբերականը` մեջբերելով Վանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուի խոսքերը:

«Մեր առաջին նպատակը հայերի հետ լավ հարաբերությունների ստեղծելն է: Ցանկանում ենք` որ առանց վնասվելու շարունակվի հաշտեցման և երկխոսության գործընթացը: Այդ պատճառով մենք` Վանի գործարարներս, ստանձնել ենք խաչի տեղադրման գործը: Ինժեներների հետ խորհրդակցությունից հետո պարզ դարձավ, որ հնարավոր չէ կղզի տանել կռունկ և տեղադրել 200 կգ խաչը: Սակայն մենք դա կանենք բոլորովին այլ տեխնիկայով: Երկուշաբթի խաչը կբերենք կղզի և կսկսենք տեղադրման աշխատանքները: Ես դա երաշխավորում եմ մեր հայ հյուրերին: Մեր խոսքը խոսք է»:

Սակայն Քանդաշօղլուն կոնկրետ ամսաթիվ չի նշել, այսինքն` չի պարզաբանել, թե որ երկուշաբթի օրվա մասին է խոսքը:

Քանդաշօղլուի հաշվարկներով սեպտեմբերի 19-ին Վան է այցելելու 5000 զբոսաշրջիկ, որոնցից յուրաքանչյուրը Վանում կթողնի մոտավորապես 1500 եվրո, իսկ դա մեծապես կնպաստի Վանի տնտեսությանը:

Իսկ Referans պարբերականի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահի տեղակալ Նոյաք Սոյաքը հայտարարել է, որ խաչի տեղադրումը հետաձգվել է Թուրքիայում սեպտեմբերի 12-ին կայանալիք հանրաքվեի պատճառով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վանի նահագնապետ Մյունիր Քարարօղլուի հետ հանդիպումից հետո Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել էր, որ տեխնիկական պատճառներով մինչև 19-ը, այսինքն` Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագից առաջ, եկեղեցու վրա խաչ չի տեղադրվի: Սակայն խաչը կտեղադրվի պատարագից հետո: