Պետական ֆիլհարմոնիայում այլևս չի՞ հնչի կասկածելի երաժշտություն

19:32 • 09.09.10

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ՀՀ նախագահի և վարչապետի օժանդակությամբ ձեռք է բերել նոր «Սթենվեյ» դաշնամուր։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը։

Թոփչյանի խոսքով՝ մինչև դաշնամուրի ձեռքբերումը բազմաթիվ երաժիշտներ ցանկանում էին համերգով հանդես գալ Երևանում, սակայն համապատասխան գործիքի բացակայությունը խոչընդոտում էր այդ ծրագրերին։

Թոփչյանը ընտրել է դաշնամուրը Համբուրգում, մինչև Երևան հասնելն այն երկար ճանապարհ է անցել։ Տեղ հասնելուց հետո երկու շաբաթ անց Երևան է ժամանել «Սթենվեյ» ընկերության ներկայացուցիչը, որն էլ լարել է դաշնամուրը։

«Դաշնամուրը արտակարգ վիճակում է, ֆիլհարմոնիայում այլևս չի հնչի կասկածելի երաժշտություն», – ասաց նա՝ նշելով, որ գործիքն ունի հրաշալի ձայն։

Հավելենք, որ սեպտեմբերի 11–ից հոկտեմբերի 22–ը կանցկացվի Երևանյան 4-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Բացման համերգին՝ սեպտեմբերի 11–ին հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին։ Համերգին կհնչեն Բրամսի և Շոստակավիչի ստեղծագործությունները։ Ֆրանսիացի երաժիշտը կնվագի արդեն նոր գործիքի վրա։