Այսօր մեկնարկում է ReAnimania փառատոնը

14:34 • 09.09.10

Այսօր մեկնարկում է ReAnimania 2–րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որը կտևի մինչև սեպտեմբերի 13–ը։

Այս տարի փառատոնին մասնակցում են ֆիլմեր 45 երկրից: Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա երեկոյան՝ «Մոսկվա» կինոթատրոնում։

Փառատոնը կմեկնարկի ֆրանսիական «Աճպարար» անիմացիոն ֆիլմով։ Փառատոնը կազմված է 4 մրցութային ծրագրից` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական և հեռուստատեսային ֆիլմեր:

Այս տարի փառատոնը նույնպես կհյուրընկալի բազմաթիվ հյուրերի։ Նրանց թվում է Exodus film group–ի նախագահ Մաքս Հաուրդը, ով 12 տարի աշխատել է Disney–ում, Aardan ստուդիայի տնօրեն Դեվիդ Սփրոքսթոնը և այլք։

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն բազմաթիվ վարպետության դասընթացներ։

Առանձին ծրագրով կցուցադրվի ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շան պատմությունը», որը այս տարի արժանացել է Կաննի կինոփառատոնում «Փոքր արմավենուն»։

Նշենք, որ ReAnimania–ի շրջանակներում կկազմակերպվի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։

Փառատոնի այս տարվա նորամուծություններից է ֆիլմերի բացօթյա ցուցադրությունները Կասկադում։ Հանդիսատեսին կներկայացվեն փառատոնի անցած տարվա լիամետրաժ ֆիլմերը։

Որպես փակման ֆիլմ ընտրվել է «Սասունցի Դավիթը»։