«Բրազավիլը» Երևանում անգլերեն կկատարի Վիկտոր Ցոյի գործերը

10:15 • 10.09.10

ԱՄՆ դեսպանությունն ամերիկյան բազմազան մշակույթի հարուստ ներկապնակից սեպտեմբերի 11-15-ը հայ հանդիսատեսին է ներկայացնում ինդի փոփ ժանրը ներկայացնող «Բրազավիլ» խմբին: Հայաստանյան ծրագրով խումբը եզրափակում է իր միջազգային հյուրախաղերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում:

«Բրազավիլ» խումբը ստեղծել է Դեյվիդ Արթուր Բրաունը (վոկալ, կիթառ) 1997թ.։

Խմբի մյուս անդամներն են՝ Մեթյու Ռեյնոլդս Դե Մերիթ (շեփոր, ստեղնային գործիքներ), Իվան Նայթ (հարվածային գործիք), Քեննի Լայեն (կիթառ), և Դեյվիդ Ռեյլիք (սաքսոֆոն, թրոմբոն):

Երևանում խումբը ելույթ կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը 20:00 Սիրահարների այգում: Սեպտեմբերի 13-ին խումբը կլինի Գյումրիում ու նույն օրը ժամը 19:00 համերգով հանդես կգա տեղի դրամատիկական թատրոնի շենքում: Խումբը նաև հանդես կգա երաժշտական դպրոցի սաների համար Հրազդան քաղաքում և կանցկացնի վարպետության դասեր Երևանում: Բոլոր միջոցառումներին մուտքն ազատ է:

«Բրազավիլը» թողարկել է 9 ալբոմ, որոնք մեծ հնչեղություն են ստացել: Դրանց շարքում են «Դեռահասի ամառային օրերը» և «Արևելյան Լոս-Անջելեսի զեփյուռը» ալբոմները, որոնք ռուսական հիթ շքերթների ամենապատվավոր տեղերում հայտնվեցին` դրանցում ներառված էր «Կինո» խմբի «Արև անունով աստղը» երգի անգլերեն տարբերակը:

Իսկ խմբի կենդանի կատարումներով «Բրազավիլը Ստամբուլում» ալբոմը տեղ գտավ Եվրոպայի համաշխարհային ալբոմների լավագույն քսանյակում:

Խմբի երաժշտարվեստի վրա իր ազդեցությունն է ունեցել Լոս-Անջելեսի բազմամշակութային ու բազմազգ միջավայրը: Անշուշտ ազդեցություն է ունեցել նաև խմբի միջազգային փորձը: «Բրազավիլը» հետամուտ է այն պարզունակ գաղափարին, որ աշխարհը մի գեղատեսիլ վայր է` լեցուն բազում հրաշալիքներով, և մշակութային փոխանակումները կարող են վերացնել առկա պատնեշները: