Հայ երիտասարդները հնարավորություն կունենան անիմացիայի դասընթացներ անցնել հանրահայտ Gobelins–ում

15:28 • 11.09.10

ReAnimania 2–րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը նախնական համաձայնության է եկել ֆրանսիական հանրահայտ Gobelins համալսարանի հետ։

Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, լավագույն հայ երիտասարդ անիմատորները հնարավորություն կունենան մասնակցել համալսարանի ամառային դպրոցին։

Այսպես, փառատոնի «Տաղանդների որս» ծրագրի մասնակիցներից լավագույնները Ֆրանսիայում կծանոթանան անիմացիայի նոր տենդեցներին։

«Մյուս տարի մենք կփորձենք ստեղծել մեր փոքրիկ դպրոցը, որն ապագայում նույնպես կհամագործակցի Gobelins–ի հետ», – ասաց Քասունին։

Gobelins–ի համալսարանը համարվում է լավագույնը անիմատորներ «արտադրելու» հարցում։ Հավելենք, որ այդ համալսարանի ուսանողները պատրաստում են Անսիի փառատոնի երիզները։

Իր հերթին, համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի մենեջեր Էրիկ Ռիվերը հավելեց, որ ամեն տարի դպրոցը ստանում է 700–1000 դիմում, ընդունվում են միայն 25–ը։

«Մրցակցությունը շատ մեծ է և լուրջ», – ասաց նա՝ հավելելով, որ կարևոր է նաև ֆրանսերենի իմացությունը։

Համալսարանում գործում է նաև 2–շաբաթյա դասընթաց՝ անգլերեն լեզվով, և գուցե համալսարանն ամեն տարի Հայաստանի համար մեկ տեղ հատկացնի։