Շեքսպիրյան փառատոնը կմեկնարկի «Լեգենդ Մակբեթի մասին» բեմադրությամբ
Սեպտեմբերի 15-24-ը Երևանում մեկնարկող Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը կբացվի «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացմամբ։ Այն կցուցադրվի Գ. Սունդուկյանի անվան Պետական ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Մակբեթի դերակատար Արա Դեղտրիկյանը։
Նշենք, որ ներկայացման բեմադրիչն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, ով իր ուժերն է փորձում նաև մեծ բեմում։
«Բեմադրությունը տարբերվում է վառ երևակայությամբ, գեղեցիկ տեսարաններով, այն կարելի է համարել միստիկ ներկայացում», – ասաց Դեղտրիկյանը` հավելելով, որ վերջնական գնահատականը կտա հանդիսատեսը։
«Ես սիրով աշխատեցի այդ ներկայացման վրա», – ասաց նա՝ նշելով, որ ակադեմիական թատրոնում Շեքսպիր շատ քիչ են բեմադրում։
«Շեքսպիրն այսօր էլ արդիական է, դասականից ավելի արդիական ոչինչ չի կարող լինել», – նշեց դերասանը։
Հավելենք, որ «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացումը կհամալրի Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկը։










