Սերիալներում հիմնականում նկարահանվում են դրսից բերած պատահական մարդիկ. Դեղտրիկյան
Կինոյի և թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանը ոչ մի վատ բան չի տեսնում սերիալների մեջ, սակայն կարծում է, որ այս ոլորտում «դեռ շատ անելիքներ ունենք»։
«Սերիալներում պրոֆեսիոնալների պակաս կա՝ դերասանների, ռեժիսորների», – այսօրվա ասուլիսին ասաց նա։
Ըստ նրա՝ սերիալներում հիմնականում նկարահանվում են «դրսից բերած պատահական մարդիկ»։
«Մարդիկ իրենց տեղերում չեն. դեռ շատ աշխատելու տեղ ունենք», – նշեց նա։
Միաժամանակ, դերասանը նկատեց, որ սերիալները դերասաններին հնարավորություն են ընձեռում զբաղվել իրենց մասնագիտությամբ, բացի դրանից նաև գումար վաստակել։
«Այսօր մենք նաև չունենք սցենարային դպրոց։ Իհարկե, ես կուզեի խաղալ լավ գեղարվեստական ֆիլմում, մակարդակով նկարահանված սերիալում», – ասաց նա։
Դերասանը խոսեց նաև թատրոնի արդիականության մասին։ Նրա կարծիքով՝ հանդիսատեսը նորից կարող է վերադառնալ թատրոն, եթե այն լինի հուզող և հետաքրքիր։










