Ջորջ Մայքլը դատապարտվեց 8 շաբաթվա ազատազրկման թմրադեղ օգտագործելու համար

23:12 • 14.09.10

Բրիտանացի փոփ երգիչ Ջորջ Մայքլը դատապարտվել է 8 շաբաթվա ազատազրկման թմրադեղի ազդեցության տակ մեքենա վարելու համար: Բացի այդ, շոու բիզնեսի աստղը կվճարի խոշոր տուգանք մարիխուանա պահելու համար:

Ինչպես հայտնում են արևմտյալ ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան. երբ երգչի վարած Ռենջ Ռովերը բախվել էր խանութի պատին: Ոստիկանները ձերբակալել էին երգչին, որը եղել էր թմրադեղի ազդեցության տակ: Նրան անմիջապես ազատ էին արձակել գրավի դիմաց:

Այսօր դատարանը հաշվի է առել, որ սա Մայքլի մասնակցությամբ առաջին նման միջադեպը չէ. նախկինում նրան բազմիցս զրկել են վարորդական իրավունքից և զգուշացրել թմրադեղ պահելու համար, բայց այդ միջոցները, փաստորեն, արդյունք չեն տվել: Այդ պատճառով էլ չնայած երգիչը խորը ափսոսանք էր հայտնել կատարվածի համար, այս անգամ դատապարտվեց ազատազրկման: Նա կկրի պատժաչափի ընդամենը կեսը, իսկ մնացած չորս շաբաթը կլինի ազատության մեջ ոստիկանության հսկողության ներքո:

Մայքլը ներողություն է խնդրել երկրպագուներից իր պահվածքի համար և վստահեցրել, որ բուժվում է թմրադեղերից կախվածությունից: Երգչի խոսքով` մարիխուանա ծխելով ինքը կարողացել է հաղթահարել անձնական խնդիրները: