Երևանում կցուցադրվեն ֆիլմեր, որոնք ժամանակին արգելված են եղել
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերին «Կինոաշուն» խորագրով ազգային կինոյի ամիս կանցկացվի։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։
Նրա խոսքով՝ կինոյի ամիսը կանցկացվի հոկտեմբերի 11–ից մինչև նոյեմբերի 10–ը՝ Երևանում և չորս մարզերում։
«Հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվելու շփվել հայկական կինոյի հետ», – ասաց նա՝ նշելով, որ կցուցադրվեն ոչ միայն հին ֆիլմերը, այլև վերջին շրջանի աշխատանքները։
Առանձին ծրագրով կցուցադրվեն ժամանակին արգելված ֆիլմեր։ «Դուք կտեսնեք այն ֆիլմերը, որոնք ինչ–ինչ պատճառներով անգամ չեն էլ ցուցադրվել կամ արգելվել են», – պարզաբանեց նա։
Նշենք, որ ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11–ին «Մոսկվա» կինոթատրոնում։ «Մենք պատրաստում ենք ոչ սովորական բացում», – ասաց Գևորգյանը՝ նշելով, որ կինոկենտրոնը մտադիր է պատրաստել կարճամետրաժ ֆիլմ հայկական կինոյի պատմության մասին։
Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում, Ազգային պատկերասրահում։ Կլինեն նաև բացօթյա ցուցադրություններ Կասկադում և Սիրահարների այգում։
Բացի դրանից կկազմակերպվեն կլոր սեղաններ և ֆոտոցուցահանդես։
«Ցուցահանդեսին կներկայացվեն դերասանների դիմանկարներ, հատվածներ ֆիլմերից, լուսանկարներ, որոնք ֆիքսել են ֆիլմի նկարահանման գործընթացը», – մանրամասնեց նա։
Խոսելով ծրագրի ֆինանսական կողմի մասին՝ Գևորգյանը նշեց, որ այս տարի ծրագիրը կիրականացվի կինոկենտրոնի ուժերով։
Տնօրենը հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի ամենամյա և կտարածվի անգամ սահմանամերձ շրջաններում։










