Օբաման մանկագիր է դարձել

10:16 • 14.09.10

2010թ. նոյեմբերին ԱՄՆ-ուն լույս կտեսնի Բարաք Օբամայի գիրքը, որը ԱՄՆ նախագահը գրել է երեխաների համար։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, «Քո մասին եմ երգում. Նամակ դուստրերիս» (Of Thee I Sing: A Letter to My Daughters) վերնագրով ժողովածուում կներառվեն ամերիկյան պատմության մեջ մտած 13 հայտնի անձանց նվիրված պատմվածքներ։

Նրանց թվում են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, Հյուսիսային Ամերիկայի Բեյսբոլի գլխավոր լիգայում հայտնված առաջին սևամորթ բեյսբոլիստ Ջեկի Ռոբինսոնը, նկարչուհի Ջորջիա Օ՛Կիֆին և այլք։

Գրքի կազմին պատկերված են Օբամայի դուստրերը՝ Սաշան ու Մալիան՝ իրենց Բո անունով շան հետ զբոսնելիս (այդ շանը Օբաման նվիրել է իր դուստրերին ԱՄՆ նախագահ դառնալուց հետո)։

Գիրքը խանութներում կհայտնվի նոյեմբերի 16-ին։ 40-էջանոց գրքի առաջին տպաքանակը 500 հազար օրինակ է։ Գրքից ստացված ողջ հասույթը կուղղվի ծառայության ժամանակ զոհված կամ վիրավորված ամերիկացի զինվորների երեխաներին։

Նշվում է, որ գիրքը Օբաման գրել է դեռ մինչև նախագահի պաշտոնը զբաղեցնելը։

Բարաք Օբաման բեսթսելլեր դարձած երկու գրքերի հեղինակ է՝ «Երազանքներ իմ հորից» (Dreams from My Father) և «Հույսի հանդգնությունը» (The Audacity of Hope).