Իմ ձայնը պողպատյա է. Շառլ Ազնավուր
«АиФ»–ին տված հարցազրույցում հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն ասել է. «Իմ ուժի գաղտնիքն այն է, որ ես գաղթականների զավակ եմ»։
Այն հարցին, թե ինչ նշանակություն ունի իր համար Ռուսաստանը, շանսոնյեն պատասխանել է. «Այն ինձ համար մեծ նշանակություն ունի, հատկապես եթե հաշվի առնենք մանուկ տարիներս, երբ հայրս խոհարար էր մի ռեստորանում, որտեղ ռուսական ճաշատեսակներ էին պատրաստում, իսկ մայրս՝ սկզբում պապիկիս (ի դեպ, նա աշխատել է Նիկոլայ 2-րդ ցարի մոտ որպես խոհարար), այնուհետև՝ ռեստորանում հորս օգնելով, սովորել էր ռուսերեն, և մեր տան հյուրերն էլ մեծամասամբ ռուս էին, այդ պատճառով ես լողում էի ռուսական մշակույթի մեջ՝ հատկապես երաժշտության ու երգերի, այդ թվում գնչուական՝ «Очи чёрные», «Две гитары»»։
«Որտեղի՞ց եք այդքան էներգիա ստանում» հարցին Ազնավուրը պատասխանել է, որ իր ուժի գաղտնիքը գուցե գաղթականների զավակ լինելու մեջ է։
«Իսկ երբ գաղթականն ստիպված է ապրել օտար երկրում, ինչով էլ զբաղվի, միևնույնն է, նա դժբախտ է, նախևառաջ այն պատճառով, որ կտրված է իր հայրենիքից, իր արմատներից»,– ասել է Ազնավուրը։
Խոսելով իր ձայնի և առհասարակ երգի մասին՝ շանսոնյեն ասել է, որ բացի բեմից ինքը ոչ մի այլ վայրում չի երգում՝ ոչ ընկերական սեղանի շուրջ, և ոչ էլ անգամ բաղնիքում։
«Քանի որ ես երբեք ձայն չեմ ունեցել, ապա դրա կորուստն ինձ չի սպառնում»,– ասել է Ազնավուրը՝ ավելացնելով, որ իր ձայնը «պողպատյա» է։ «Մարդիկ երբեք չեն դադարի երգել, քանի որ մեր կյանքն ամբողջովին ներծծված է երգերով»,- ասել է նա։
Նա նշել է, որ հանգիստ է երգերի համար և ավելի շատ անհանգստանում է գրքերի համար, ավելի ճիշտ՝ այն մարդկանց համար, ովքեր դադարել են գիրք կարդալ։
«Ես շատ եմ կարդում և համոզված եմ՝ կյանք սովորելու համար պետք է կարդալ»,–ասում է Ազնավուրը։










