Մենք այլևս չենք հավատում, որ Օթելլոն խեղդում է Դեզդեմոնային. Սոս Սարգսյան
Հասարակությունն սկսել է կորցնել իր միամտությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասան, Համազգային պետական թատրոնի ղեկավար Սոս Սարգսյանը։
«Մենք սկսել ենք չհավատալ հեքիաթներին, դա շատ վատ հատկություն է. պետք է հավատալ, որ Օթելլոն խեղդում է Դեզդեմոնային», – ասաց նա։
Դերասանի խոսքով՝ թատրոնը հանդիսատես է, առանց հանդիսատեսի թատրոն չի կարող լինել։
«Եվ այսօր ինչ–որ մեկն արգելել է ներկայացումների տոմսերը տարածել դպրոցներում», – ասաց նա՝ նշելով, որ «վաղը թատրոնը հանդիսատես չի ունենա։ Դպրոցականին զրկում են թատրոն գնալուց»։
Ըստ նրա՝ հանդիսատեսը վերապրում է դերասանի հետ այն ամենը, ինչ տեղի է ունենում բեմում։
Թատրոնը նույնքան կարևոր է պետության և ժողովրդի համար, որքան բանակը։ Սա մեծ ճշմարտություն է։ Սակայն այսօրվա մեր ղեկավարությունն այդ բանը չի հասկանում։ Թատրոնին պետք է մեծ ուշադրություն դարձնել և մեծ նշանակություն տալ», – ասաց նա։
Սարգսյանը խոսեց նաև քննադատության պակասի մասին։ Դերասանը կարծում է, որ թատրոնը պետք է նաև քննադատվի, իսկ դերասանի աշխատանքը վերլուծվի։
«Այսօր շատ տաղանդավոր երիտասարդ դերասաններ կան, սակայն աճելու համար հող չկա», – եզրափակեց Սարգսյանը։










