Մաթևոսյանի «Կայարանով» կմեկնարկի Համազգային թատրոնի նոր թատերաշրջանը

16:34 • 15.09.10

Այսօր երեկոյան Համազգային պետական թատրոնում պրեմիերա է՝ հանդիսատեսի դատին կհանձնվի Հրանտ Մաթևոսյանի «Կայարան» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը։

Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

«Այս ներկայացումով մենք բացում ենք թատրոնի 19–րդ թատերաշրջանը», – ասաց նա՝ նշելով, որ այս բեմադրությունը նվիրվում է Մաթևոսյանի 70–ամյակին։

Տնօրենը հավելեց, որ բեմադրման աշխատանքների 90 տոկոսը թատերական խումբը կատարել է դեռ նախորդ տարի։

Ամփոփելով 18–րդ թատերաշրջանը՝ Մկրտչյանը նշեց, որ այդ ժամանակահատվածում թատրոնն արձանագրել է հանդիսատեսի 40–տոկոսանոց աճ։

Ինչ վերաբերում է թատրոնի առկա խնդիրներին, ապա գլխավոր չլուծված հարցը մնում է թատրոնի շենքի խնդիրը։

Հիշեցնենք, որ Համազգային պետական թատրոնը գտնվում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում։