Սարյան փողոցից դեպի գլխավոր պողոտա կկազմակերպվեն աստիճանաձև անցումներ

12:57 • 15.09.10

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած քաղաքաշինության խորհրդի նիստում քննարկվել են գլխավոր պողոտայի`Սարյան փողոցի կենտրոնական փոստից մինչև Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածի վերակառուցման էսքիզային նախագիծը և Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի և Սուրբ Աննա եկեղեցու նախագիծը: Խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Գլխավոր պողոտայի Սարյան–Մաշտոց հատվածի վերակառուցման նախագիծը քաղաքաշինության խորհրդում նախկինում արդեն քննարկվել էր, վերջին քննարկումը տեղի էր ունեցել մոտ երկու ամիս առաջ: Հեղինակային խմբի առաջարկությունն այն ժամանակ քաղաքաշինության խորհրդի կողմից չէր ընդունվել: Քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին նիստում, հաշվի առնելով քաղաքաշինության խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ու խորհրդի անդամների դիտողություններն ու առաջարկները, ներկայացվել էր փոփոխությունների ենթարկված և հիմնովին փոփոխված նոր նախագիծ: Ի տարբերություն նախորդ նախագծի՝ ներկայացված նոր տարբերակից հանվել էր Գլխավոր պողոտայի այդ հատվածում վերգետնյա սպասարկման օբյեկտներ ու հյուրանոց կառուցելու առաջարկությունը: Դրանք նախկինում Երևանի քաղաքապետի ու քաղաքաշինության խորհրդի կողմից համարվել էին անընդունելի. որպես հիմնավորում մասնագետները նշել էին, որ հյուրանոցի առկայությունը Գլխավոր Պողոտայի այդ հատվածում անհարիր է զբոսավայր ճեմուղու հիմնական ֆունկցիոնալ նշանակությանը: Կառույցն անընդունելի էր նաև ծավալատարածական առումով: Երևանի քաղաքապետի պահանջով նախագիծը խստորեն վերանայվել է. ստորգետնյա հատվածի լայնությունը նախկին 45 մետրի փոխարեն նախատեսվում է 33 մետր, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ պահպանել գոյություն ունեցող ծառուղիները: Երկհարկանի ստորգետնյա կառույցի վրա առաջարկվում է ստեղծել կանաչ գոտիներ ու ջրային մակերեսներ: Ըստ նախագծի՝ Սարյան–Մաշտոց հատվածը ամբողջությամբ պահպանելու է ճեմուղու իր նշանակությունը, Սարյան փողոցից դեպի գլխավոր պողոտա կկազմակերպվեն աստիճանաձև անցումներ:

Ստորգետնյա հատվածը բաղկացած կլինի 2 հարկից: Առաջինում կտեղակայվի առևտրի կենտրոն, երկրորդում` ավտոկայանատեղի:

Նախագծում ներառվել է նաև Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկությունը` Գլխավոր պողոտան դիտարկել որպես մեկ ամբողջություն և որպես ընդհանուր կանաչ գոտի շարունակական դարձնել մինչև Խանջյան փողոց:

Քաղաքաշինության խորհուրդը միաձայն դրական եզրակացություն է տվել ներկայացված նախագծին:

Հավանության արժանացած այս նախագիծը մինչ վերջնական հաստատումը կլրամշակվի «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Քաղաքաշինության խորհրդի քննարկմանը ներկայացված Երևանի կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից տարածքում կաթողիկոսական նստավայրի և Սուրբ Աննա եկեղեցու նախագիծը քննադատության է ենթարկվել։ Դիտողությունները հիմնականում առնչվում էին ընդհանուր քաղաքաշինական միջավայրին համահունչ չլինելուն, արտաքին չափերի մեծությանը, եկեղեցու չափից ավելի բարձրությանը և այլն: Հեղինակային խմբին առաջարկվել է, բոլոր դիտողությունները հաշվի առնելով, պատրաստել նոր նախագիծ ու կրկին այն ներկայացնել քաղաքաշինության խորհրդի քննարկմանը։