Մյունխենը լողում է գարեջրում. Oktoberfest–ը 200 տարեկան է
Մյունխենում այսօր բացվում է Oktoberfest գարեջրի հոբելյանական փառատոնը։ Գարեջրի ամենահայտնի տոնը 200 տարեկան է։
Փառատոնի ժամանակ կարելի է հանդիպել հյուրերի աշխարհի տարբեր երկրներից։ Շատերը հագնում են ավանդական բավարական հագուստ. կանայք կրում եեն ժանեկազարդ կիսաշրջազգեստ, գոգնոց, քուղակապով կորսետ, լապտերանման թաթպանիկ և ցանկալի է լայն դեկոլտեով բլուզ, տղամարդիկ՝ կաշվե կիսավարտիք շալվարակալով, զանկապան և ծանր մաշիկներ։
Հսկայական վրաններում գարեջուրը մատուցում են լիտրանոց գավաթներով։ Հատուկ Oktoberfest-ի համար եփվող գարեջուրը սովորականից թունդ է՝ շուրջ 7 աստիճան, այնպես որ այն խորհուրդ է տրվում դանդաղ խմել։ Բաժակը հատուկ ձևով են բռնում. Բաժակի պոչը սեղմում են բութ մատով և ցուցամատով, մյուս մատներով պահում են այն։ Դա հարմար չէ, և անսովոր լինելու պատճառով ձեռքը կարող է ցավել, բայց եթե ուզում եք պրոֆեսիոնալ երևալ, պետք է դիմանաք, պատմում է Deutsche Welle-ն։
Oktoberfest փառատոնը ամեն տարի անցկացվում է Մյունխենի Theresienwiese (Թերեզայի մարգագետին) հատուկ տարածքում, որը հատկացված է ժողովրդական զբոսանքների համար։ Ամեն տարի տոնին ներկա է լինում շուրջ 6 մլն մարդ։ Վիճակագրության համաձայն՝ փառատոնի մասնակիցները խմում են ավելի քան 6 մլն լիտր գարեջուր և ուտում 500 հազար ճուտ։










