Սիրահարների այգում վաղը կնշվի քաղաքացիական հասարակության օրը
Սեպտեմբերի 19-ին Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարություն, որն այս տարի նվիրված է Հայաստանում կամավորության գաղափարի զարգացմանը:
Քաղաքացիական հասարակության օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2009թ.-ին` սկիզբ դնելով նոր ավանդույթի ձևավորմանը և նպատակ ունենալով հայաստանյան հասարակության շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը:
Այս տարի կազմակերպիչներն ընտրել են կամավորության թեման` որպես քաղաքացիական ակտիվության և մասնակցության հիմնաքար: Միջոցառման նպատակն է հանրությանն իրազեկել Հայաստանում իրականացվող կամավորական գործունեության մասին, ինչպես նաև խրախուսել յուրաքանչյուրին` իր կամավորական ներդրումը կատարել հօգուտ իր համայնքի և երկրի:
Օրը կնշանավորվի կամավորական աշխատանքների ցուցահանդեսով, կամավորների հանդիսավոր երթով, կամավորականությանը նվիրված կարգախոսների մրցույթով և համերգով:










