Ես մանթո եմ, Ֆելո. Լևոն Իգիթյանը դժգոհում է արվեստի հանդեպ վերաբերմունքից
Արվեստագետ Լևոն Իգիթյանը այսօրվա ասուլիսում լրագրողներին մեղադրեց արվեստից հեռանալու համար՝ նրանց անվանելով համակարգչի կենսաբանական կցորդներ։
«Այն, ինչ այսօր կատարվում է հեռուստատեսությունում, դիվերսիա է, բարոյական, հոգեբանական ու մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ։ Ես զարմանում եմ, թե ինչու Թուրքիայի կառավարությունը նրանց շքանշաններ չի տալիս»,- նշեց նա։
Ըստ Իգիթյանի՝ լրագրողներն այսօր մեծ հաճույքով են լուսաբանում ինտրիգային նյութերը, իսկ արվեստը հետին պլան են մղել։ ««Սկանդալային բան տեսնենք, նկարենք, հանրությանը չթողնենք հանգստանա...»։ Իսկ երբ Ժամանակակից արվեստի թանգարանում աշխարհահռչակ արվեստագետի գործեր են ցուցադրվում, ձեզանից ոչ մեկը չի գալիս։ Դարձել եք ձեր կոմպյուտերների կենսաբանական կցորդը, այնինչ աշխարհում լուրջ բաներ են կատարվում»,- ասաց նա՝ հավելելով. «Գնում ես Ծիծեռնակաբերդի համալիր ու տաշիտուշիներ լսում»։
Իգիթյանը դժգոհեց հեռուստատեսության եթերի որակից. «Եթերում հավաքարարի տեսքով մի աղջիկ ասում է. «Ես մանթո եմ, Ֆելո»։ Հետո պարզվում է՝ ինքը հայտնի է։ Ես իրեն չեմ ճանաչում։ Ինչո՞ւ պիտի ճանաչեմ։ Արամ Խաչատրյա՞նն է, ով է, որ ճանաչեմ։ Պարզվում է՝ ինքը երգում է»,- նշեց Իգիթյանը։
Արվեստագետի խոսքով՝ հայ երեխան այսօր գիրք չի կարդում։ «Մեր թշնամին մորթող է, կրակող։ Մենք պետք է հավասարվեինք նրան։ Հավասարվեցինք ու հաղթեցինք։ Բայց մոռացանք վերադառնալ ու մնացինք այնտեղ։ Գիրք չենք կարդում, այ մարդ։ Հետաքրքիր չի՞։ Ասում է՝ «ես կոմպով եմ կարդում»։ Էս ինչ նոր բան է, ամոթ չի՞, այ մարդ։ Բա էդ գիրքը ձեռքով չշոշափե՞ս»,- դժգոհեց արվեստագետը։










