Սուրբ խաչ եկեղեցին սպասում է պատարագին. մինչ այդ այցելուները լուսանկարվում են խաչի պատվանդանի վրա
Այսօր` սեպտեմբերի 19-ին, Վանի ժամանակով ժամը 11:00-ին Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ կմատուցվի սուրբ պատարագ:
Պատարագի արարողությունից առաջ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ այցելել է Վանի նահանգապետ Մյունիր Քարալօղլուին:
«Սուրբ խաչ եկեղեցում զանգեր չեն ղողանջելու, սակայն զանգերի ղողանջը հնչելու է մեր ականջներում: Գիտեմ` վերջին օրերին խաչի տեղադրման հետ կապված անհանգիստ իրավիճակ էր ստեղծվել: Սակայն մենք փորձեցինք բացատրել, որ դա այնպիսի գործ չէ, որը կարող են անել անփորձ ձեռքերը: Ավելի ճիշտ կլինի, որ խաչը տեղադրեն վարպետները, և մամուլի առջև հայտարարում եմ վստահաբար` խաչը տեղադրվելու է պատարագից հետո: Այս մասին ասել եմ բոլորին` և´ Հայաստանին, և´ Սփյուռքին: Այդ առնչությամբ խոստումներ են տվել ինչպես մեր նախարարը, այնպես էլ մեր նահագապետը։ Խաչը կտեղադրվի ամենաուշը 1,5 ամիս հետո, և մենք կօծենք այն»,- հայտարարել է Աթեշյանը` պատրիարքարանի և հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնելով Վանի նահանգապետին` պատարագի մատուցման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները կազմակերպելու համար:
«Աստված տա՝ ամեն ինչ անցի հանգիստ: Որևէ սադրիչ գործողություն չլինի, և մենք, ինչպես հին ժամանակներում, վերհիշենք այն օրերը, երբ այս քաղաքում եղբայրաբար ապրում էին երկու ժողովուրդները»,- ասել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Այսօր մատուցվելիք պատարագի ժամանակ Սուրբ խաչ եկեղեցում գտնվելու է 55 մարդ: Իսկ մնացած հյուրերը արարողությանը հետևելու են եկեղեցու բակում տեղադրված երկու մեծ էկրաններով:
Նշենք, որ Վանում մեծ հետաքրքրությամբ են սպասում այդ իրադարձությանը հատկապես տեղի վաճառականները: Փողոցներում կարելի է տեսնել հայերեն տառերով գնապիտակներ:
Իսկ մինչ այդ զբոսաշրջիկները բարձրանում են եկեղեցու առջև դրված խաչի պատվանդանին և լուսանկարվում:
Արարողությունը լուսաբանելու համար Թուրքիայից հավատարմագրվել է 118 լրագրող, արտերկրից՝ 27։










