Մանկական «Եվրատեսիլի» հայ մասնակիցը թոքաբորբով հիվանդ է, բայց շարունակում է աշխատել

15:19 • 21.09.10

Մանկական «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հիվանդացել է թոքաբորբով։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց նախագծի հայաստանյան համակարգող Դիանա Մնացականյանը։

«Արդեն 4 օր է՝ ինչ նա հիվանդ է, իհարկե, նրա հետ մենք աշխատում ենք, բայց ոչ այդքան ակտիվ, կարելի է ասել, որ մենք երեխային հանգիստ ենք թողել»,– ասաց Դիանա Մնացականյանը՝ հույս հայտնելով, որ հիվանդությունը թեթև կընթանա։

Խոսելով մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին՝ Դիանա Մնացականյանը նշեց, որ խումբն այժմ աշխատում է ֆոնոգրամայի ձայնագրման վրա. «Մենք որոշել ենք հանել որոշ բաներ և ավելի հզոր ձայն ավելացնել», – ասաց Դիանա Մնացականյանը՝ավելացնելով, որ ներկայում աշխատում են նաև համարի բեմադրության վրա։

Դիանայի խոսքով, համարի խորեոգրաֆիայով զբաղվելու է Քրիստինե Հովակիմյանը, ով միջազգային պարային մրցույթների հաղթող է, իսկ հագուստի հարցով, ամենայն հավանականությամբ, կզբաղվի LC ընկերությունը։

Նա նաև հայտնեց, որ այս անգամ բեք վոկալ չի լինելու։ «Բեմում 6 մարդ է լինելու, մենք որոշել ենք հիմնական ուշադրությունը բևեռել շոուի վրա», – նշեց Դիանա Գրիգորյանը՝ ավելացնելով, որ մեր պատվիրակությունը Մինսկ կմեկնի նոյեմբերի 11–ին։

Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլը» տեղի ունենա նոյեմբերի 20–ին Մինսկում, որտեղ մեր երկիրը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հանդես կգա «Մամա» երգով։