Հայ լուսանկարիչը հաղթել է միջազգային հեղինակավոր ֆոտոմրցույթում

15:29 • 21.09.10

Լուսանկարիչ Աշոտ Պողոսյանի «Երազանքի րոպե» լուսանկարը սեպտեմբերի 21-ին հաղթող է ճանաչվել Չեխիայում անցկացված «Խաղաղության պահեր» միջազգային ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում: Մրցույթն անցկացրել է Տեղեկատվական խաղաղության միջազգային կենտրոնը` Խաղաղության միջազգային օրվա առթիվ:

Ինչպես Tert.am-ին հայտնում է լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանը, ընդհանուր առմամբ ֆոտոմրցույթի «Մարդիկ» անվանակարգում հաղթելու հավակնություն ուներ 2594 լուսանկար աշխարհի 34 երկրներից:

Աշոտ Պողոսյանը (ծնվ. 1989թ.) սկսել է լուսանկարել պատանեկության տարիներից և մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների, այդ թվում՝ World Press Photo-ին և World photo view-ին: