Փարաջանովի մասին ֆիլմը կնկարահանվի «փարաջանովյան» բոլոր քաղաքներում, բացի Բաքվից

17:42 • 22.09.10

Централ партнершип կինոընկերությունը շուտով կսկսի աշխատել Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի վրա։

Հիշեցնենք, որ մեծ ռեժիսորի մասին ավելի քան երկու տասնյակ ֆիլմ է նկարահանվել, բայց սա կլինի առաջին խաղարկային ֆիլմը. Փարաջանովի դերակատարը լինելու է մոսկվացի հայտնի դերասան Սերգեյ Ղազարովը, որն, ի դեպ, շատ նման իր հերոսին։ Այս մասին հայտնում է Analitika.at.ua–ը։

Նախագծի նախաձեռնողը ԱՊՀ հումանիտար համագործակցության ֆոնդն է, ֆիլմի բյուջեն 3 մլն եվրո է։ Ֆիլմը նկարահանելու է Աննա Մելիքյանը՝ Իրակլի Կվիրիկաձեի սցենարի հիման վրա, բեմադրող–նկարիչը Ռուստամ Խամդամովն է, որի ստեղծագործական ուղին շատ բարձր է գնահատել հենց ինքը՝ Փարաջանովը։

Ֆիլմը նկարահանվելու է «փարաջանովյան քաղաքներ» համարվող Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Երևանում։ Բացի «խորհրդային կինոհրապակներից» նկարահանումներ կլինեն նաև Փարիզում, Ռոտերդամում, նույնիսկ Վենետիկում։

Նշենք, որ «փարաջանովյան քաղաքների» շարքում չկա Բաքուն, չնայած Փարաջանովը 1987–1988թթ. այնտեղ է նկարահանել լերմոնտովյան մոտիվներով իր «Աշուղ Ղարիբ» ֆիլմը։ Թեև ֆիլմը նկարահանում էր Грузия-фильм ստուդիան, հայտնի է, որ ռեժիսորի համար շուտով անհարմարավետ է դառնում Բաքվում աշխատելը, և նա լքում է այդ քաղաքը։

Նոր ֆիլմի նկարահանման հրապարակների ցանկից դուրս մնալու լուրը տեղեկությունը վշտացրել է Բաքվին։ Зеркало–ում ոմն Շիրին Մանաֆովը գրել է, որ «Աշուղ Ղարիբ»–ի ստեղծման պատճառը 1987թ. դեպքն է եղել, երբ Փարաջանովը Երևան էր հրավիրվել «Մխիթար Սպարապետ» ֆիլմի պրեմիերային։

Փարաջանովին իբր դուր չի եկել ֆիլմը, նա այն անվանել է «ազգային խայտառակություն», ինչի պատճառով դարձել է պաշտոնական Երևանի թշնամին։ Իսկ արդեն 88թ., երբ Հայաստանում իմացել են Բաքվում ֆիմի նկարահանումների մասին, դատապարտել են Փարաջանովին, ցույցերի ժամանակ այրել նրա նկարները։

Ինչևէ, մաեստրո Փարաջանովի մասին ֆիլմը Բաքվում չի նկարահանվի։