Ջիգարխանյանը պաշտպանել է Լուժկովին

16:49 • 24.09.10

Հեռուստատեսությամբ քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ ծավալված քարոզարշավից հետո մոսկվացիների մի քանի խմբեր՝ մշակույթի գործիչներ, սպորտի ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր, ուսուցիչներ առանձին կոլեկտիվ նամակներ են ուղղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որոնցում իրենց պաշտպանությունն են հայտնում քաղաքապետ Յուրի Լուժկովին։

Իրենց նամակներում նրանք մտահոգություն են հայտնում քաղաքապետի դեմ հեռուստատեսությամբ ցուցադրվող սյուժեների և հաղորդումների վերաբերյալ, որոնք, նրանց կարծիքով, ուղղակի վատաբանում և հալածում են քաղաքապետին։

Մշակութային գործիչների նամակի տակ ստորագրել է 32 մշակութային գործիչ, այդ թվում՝ Մարկ Զախարովը, Ալեքսանդր Շիրվինդտը, Անդրեյ Սոկոլովը, Արմեն Ջիգարխանյանը, Նադեժդա Բաբկինան, Իլյա Ռեզնիկը, Ալեքսանդր Կալյագինը և այլք։

GZT. RU–ն հիշեցնում է, որ մեկ տարի առաջ պարբերականին տված հարցազրույցում Ջիգարխանյանն ասել էր. «Փառք Աստծո, որ կա Յուրի Լուժկովը, որն ուղղակի փրկում է քաղաքային թատրոնները»։

Պարբերականը սրանով է բացատրում նամակի տակ ստորագրած դերասանների ու մայրաքաղաքային թատրոնների ղեկավարների մեծ թիվը։