Երևանում սկսվում են «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ցուցադրումները

10:23 • 27.09.10

Հոկտեմբերի 1-ից «Մոսկվա» կինոթատրոնում սկսվում են «Խճճված զուգահեռներ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ցուցադրումները։

Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» սիրային դրամա է, որի գործողությունները ծավալվում են տարբեր ժամանակահատվածներում և տարբեր վայրերում: Երկու հերոսուհիների պատմությունների հատման կետը գլխավոր հերոսուհու՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրայի ծննդյան պահն է, որը դառնում է երկրորդ հերոսուհու՝ նորվեգուհի Հաննայի մահվան պատճառը:

Ֆիլմը պատմում է սիրո և արգելքի, հանդուրժողականության և մերժման, մշակույթների բախման մասին, սակայն «Խճճված զուգահեռները» նախևառաջ գենետիկ հիշողության, ճակատագրի մասին է, որ ծնողներից փոխանցվում է զավակներին և հաճախ կանխորոշում է վերջիններիս կյանքի ընթացքը:

Ֆիլմի արտադրությանը մասնակցել են 6 երկրներ: Ֆիլմն արդեն ցուցադրվել է 18 երկրներում: 2009թ. ընդգրկվել է ԱՊՀ լավագույն ֆիլմերի ցանկում: Մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոնների որոնց թվում՝ Մոսկվայի, Ռոտերդամի, Հյուսթընի, Տրոմսոյի, Սան Պաուլոյի և այլ փառատոններին, Կաննի կինոշուկային: