Ավդեյ Տեր-Օհանյանի պատճառով ռուսական ցուցահանդեսը Լուվրում կարող է տապալվել
Հոկտեմբերի 14–ից հունվարի 15–ը Լուվրում անցկացվելիք Le contrepoint Russe ցուցահանդեսը տապալման վտանգի տակ է։ Այս մասին Эхо Москвы ռադիոկայանին հայտնել է Պերմի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Մարատ Գելմանը։
Յոթ ռուս նկարիչներ, որոնց անունները թանգարանի տնօրենը չի նշել, հրաժարվել են մասնակցել այդ ցուցահանդեսին այն բանից հետո, երբ ՌԴ մշակույթի նախարարությունը և ՌԴ Մշակութային պահպանության դաշնային ծառայությունը որոշում են կայացրել արգելել հայազգի սկանդալային նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի աշխատանքների ցուցադրությունը Փարիզում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ցուցահանդեսին ներկայացվելու են Ալեքսանդր Բրոդսկիի, Էրիկ Բուլատովի, Էմիլյա և Իլյա Կաբակովների, Անդրեյ Մոնաստիրսկիի, Պավել Պեպերշտեյնի և այլ նկարիչների աշխատանքներ։
Ենթադրվում էր, որ Տեր-Օհանյանի նկարները ևս ներառվելու են ցուցադրանքում, սակայն ՌԴ ժամանակակից արվեստի պետական կենտրոնի ներկայացուցիչները ավելի ուշ հայտարարել էին, որ Տեր–Օհանյանի «Արմատական աբստրակցիոնիզմ» շարքի նկարները Փարիզ չեն ուղարկվելու, քանի որ դրանք «ՌԴ սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու կոչ են պարունակում, ինչպես նաև հրահրում են միջկրոնական ատելություն և թշնամանք»։










