Եվա Ռիվասին հրավիրել են Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքական

11:32 • 27.09.10

Ինձ հրավիրել են Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքական: Այս մասին բելառուսական Столичное Телевидение հեռուսաալիքի հետ հարցազրույցում ասել է Հայաստանը «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում ներկայացրած Եվա Ռիվասը:
Հարցին, թե «Ճի՞շտ է, որ Ձեզ հրավիրել են Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքական», Եվա Ռիվասը հայտարարել է.
«Այո, նման բան եղել է, ինձ հրավիրել են: Հնարավոր է` դա կատակ էր, սակայն ինձ մոտեցել է թիմի մարզիչը և հրավիրել»:
Այն հարցին, թե «Հայաստանում Եվրատեսիլի մասնակցության ուղեգրի համար անցկացվող ընտրական փուլի մասնակիցները դժգոհել էին, որ Դուք եք հաղթել և խոստացել էին դիմել դատարան: Եվ ինչ, դիմե՞լ են», Ռիվասն ասել է. «Նրանք այդքան համարձակություն չունեին: Ոչ ոք դատարան չի դիմել: Ապացուցվել է, որ քվեարկության արդյունքները չեն կեղծվել: Սակայն պատասխանը կարելի է գտնել Երևանի փողոցներում: Ում էլ հարցնեք, բոլորն էլ գոհ են, որ «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում Հայաստանը ես եմ ներկայացրել»:

Անդրադառնալով իր հետագա կարիերային և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ունենալով նաև հունական արմատներ Եվա Ռիվասն իրեն պատկերացնում է հունական շոու բիզնեսում, երգչուհին հայտարարել է.

«Ես շատ եմ սիրում Հայաստանը, և Հայաստանն էլ ինձ է սիրում: Ես կանեմ հնարավորը, որ այդ սերը միայն ամրապնդվի: Իսկ իմ կարիերան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դա ես եմ ցանկանում: Երգում եմ հունարեն, հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ես նաև իտալերեն երգեր ունեմ, սակայն դա չի նշնակում, որ ամեն երկրում ես կգտնեմ տատիկ կամ պապիկ: Յուրաքանչյուր կնոջ մոտ այնպիսի պահ է գալիս, երբ նա սկսում է ավելի շատ մտածել իր ընտանիքի, այլ ոչ թե այն մասին, թե որտեղ է ինքը երգելու»:

Խոսելով «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում 7-րդ տեղը գրավելու մասին` Եվա Ռիվասը հայտարարել է, որ դա իր համար հաջողություն էր:

«Ինձ համար դա հաջողություն է: Երբ մրցույթի ժամանակ վիճակ քաշելու ընթացքում ինձ ընկավ 21 թիվը, դա առաջին հաջողությունն էր, իսկ երկրորդը` 7 թիվն էր, իմ երջանիկ թիվը»,- ասել է Ռիվասը: