Թողարկվել է «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը
Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հայազգի լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչին (1859-1938 թթ.): Հուշադրամը թողարկվել է «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԲ-ից, հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի կտավից մի դրվագ` կանացի դիմանկարի տեսքով: Դաշտի աջի վերևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է, որից վերև հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտի աջի ներքևում երեք տողով անգլերեն և հայերեն նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «DRAM», «100» և «ԴՐԱՄ»: Դաշտի եզրաշուրթով` վերևում հորիզոնական հայերեն և ձախում ուղղահայաց անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Դիմանկարից աջ ներքևում եզրաշուրթի մոտ նշված է դրամահատարանի առևտրային նիշը:
Հուշադրամի դարձերեսի ձախում Թեոդոր Աքսենտովիչի դեպի աջ շրջված դիմապատկերն է: Դաշտի աջում պատկերված է Թեոդոր Աքսենտովիչի կտավից մի դրվագ, որի ներքևում զետեղված է նկարչի ստորագրությունը: Կտավի պատկերը եզրագծված է երեք կողմից: Վերևի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական անգլերեն մակագրված է «TEODOR AXENTOWICZ»: Ներքևի աջում եզրաշուրթի մոտ հորիզոնական նշված են նկարչի ծննդյան և մահվան տարեթվերը` «1859 – 1938»:
Հուշադրամը պարագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:
Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:
Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ուրսուլա Վալեժակը: Հուշադրամը դրվագվել է Լեհստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը` 100 դրամ
Մետաղը և հարգը` արծաթ, 925 + 50
Զանգվածը` 28,28 + 0,25 գ
Չափերը` 40,0 x 28,0 մմ
Ձևը` ուղղանկյուն
Դրամաշուրթը` հարթ
Որակը պրուֆ
Տպաքանակը` մինչև 4000 հատ:











