Այսօր մրցակցություն կա, մենք կորցնելու և հապաղելու իրավունք չունենք. Գագիկ Բունիաթյանի հարցազրույցը
Tert.am-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության նորընտիր գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի հետ։
–Դուք բավական ժամանակ զբաղվում եք մասնավոր գործունեությամբ, ինչո՞ւ որոշեցիք մտնել պետական համակարգ, ավելին՝ ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ Հանրային հեռուստաընկերություն:
–Հարցի երկրորդ մասում արդեն կա պատասխանը։ Սա առաջին դեպքը չէ. ես աշխատել եմ Հանրային հեռուստատեսությունում 1996–99թթ.։ Հանրայինն այսօր առաջատար ալիքներից մեկն է, ամենախոշոր հեռուստաընկերությունը. ես այստեղ աշխատել եմ, և այս ամենն ինձ համար հոգեհարազատ է ու հետաքրքիր։ Այսինքն՝ մասնագիտական հնարավորություններն իրացնելու մեծ պոտենցիալ ունեցող աշխատանք է։
– «Հ1»–ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելուց առաջ լուրեր տարածվեցին, թե հենց դուք եք նշանակվելու այդ պաշտոնում, և որ մրցույթը ձևական բնույթ է կրում։ Ձեր կարծիքով, ի՞նչ հիմքեր ունեին այդ խոսակցությունները։
– Հասարակությանը հայտնի մրցակիցներ եմ ունեցել՝ Լավրենտի Միրզոյանը, Ժասմեն Ղևոնդյանը, որոնց հետ հավասար անցել եմ ամբողջ ընթացակարգը՝ մասնակցել եմ հարցազրույցին, պատրաստվել եմ, ներկայացրել բոլոր փաստաթղթերը։ Բավական հետաքրքիր, ծավալուն գործընթաց էր։ Այնպես որ, մրցույթը ձևական բնույթ չի կրել, ու կարծում եմ, որ ես արդարացի հաղթեցի։
– Ամեն դեպքում որտեղի՞ց էին գալիս այդ խոսակցությունները։
– Կարծում եմ՝ այդ խոսակցություններն անհիմն էին։ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթը բաց էր, դրան կարող էին այլ մարդիկ էլ մասնակցել։
– Դուք երկու շաբաթից ավելի զբաղեցրիք նաև Հանրայինի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Այդ ընթացքում ի՞նչ խնդիրներ եք հասցրել նկատել։
–Ժամանակը, իհարկե, շատ կարճ էր իրողություններն ավելի խոր հասկանալու և դրանց համապատասխան նոր քաղաքականություն մշակելու համար, բայց որոշակի կարծիք, իհարկե, ձևավորեցի և առաջիկայում հեռուստառադիոընկերության խորհրդին կներկայացնեմ իմ նոր ծրագրերը, ծրագրային ցանկը։
–Այնուամենայնիվ, կարո՞ղ եք մեկ–երկու ամենացայտուն խնդիրները նշել։
– Ծրագրային որոշակի խնդիրներ ունենք. որոշակի ուղղվածության ծրագրեր, առաջին հերթին՝ վավերագրական, հանրային ծրագրերը, թոք–շոուները եթերում քիչ են։ Բայց այս նոր եթերաշրջանում մենք այդ բացը կլրացնենք։
–Չե՞ք կարծում, որ Հանրայինում գերակշռում են ժամանցային բնույթի հաղորդումները, փոխարենը զգացվում է հասարակական–քաղաքական հաղորդումների պակաս։
–Ժամանցային հաղորդումների քանակը շատ չէ։
– Նկատի ունենք նաև սերիալները։
– Եթե նկատի ունեք սերիալները, ապա այսօր Հանրայինը երկու սերիալ է ցուցադրում։ Նմանատիպ առաջատար հեռուստաալիքներում երեք տեղական, մեկ կամ երկու հատ էլ արտասահմանյան սերիալներ կան։ Հանրայինն արտասահմանյան, լատինական սերիալներից վաղուց հրաժարվել է, տեղական սերիալներն էլ իրենց որակական առումով բավական տարբերվում են մրցակիցների ցուցադրած սերիալներից։ Ես միանշանակ համամիտ եմ, որ Հանրայինը պետք է առաջին հերթին որակի նշաձողը բարձր պահի։
– Հասարակական–քաղաքական հաղորդումների մասով ոչինչ չասացիք։
– Ես կնախընտրեի ոչ թե «քաղաքական», այլ «հանրային հաղորդումներ» արտահայտությունը, որում քաղաքականը մի մասն է կազմում միայն։ Կան հարցազրույցի ձևաչափով հաղորդումներ, բայց կարծում եմ՝ ավելի շատ հանրային խնդիրներին վերաբերող հաղորդումների պակաս կա՝ դոկումենտալ շարքեր, պարտադիր չէ ֆիլմեր, այլ շարքեր։ Այսօր հեռուստատեսությունը զարգանում է։ Հին կարծրատիպերն այլևս չեն գործում։ Յուրաքանչյուր պետական հեռուստաալիք, որ երկրում էլ լինի, չի կարող ցուցադրել զուտ քաղաքական, հանրային բնույթի կամ սոցիալական հաղորդումներ, պետք է այդ ամենը համատեղել՝ ժամանցայինն էլ, զվարճալին էլ, սերիալներն էլ։
Ուրիշ բան, որ սերիալներն էլ պետք է համապատասխանեն ինչ–որ չափանիշների։ Այսինքն, պետք է ամեն ինչ էլ լինի։ Հանրայինի խնդիրը առաջին հերթին, նորից եմ կրկնում, այդ նշաձողն ապահովելն է, միաժամանակ, ազգային, պետական խնդիրներին ծառայելը։ Այսինքն, պետք է լինի պատասխանատվություն հանրության առջև։ Հանրայինի դեպքում այդ հարցն այլ կերպ է դրված, բայց դա չի նշանակում, որ մյուս հեռուստաընկերությունները պատասխանատու չեն հանրության առջև։ Ես կարծում եմ, որ տարբերություն չկա՝ հեռուստատեսությունը հեռուստատեսություն է, բոլորն էլ դաստիարակելու պատասխանատվություն են կրում, ուղղակի մասնավորները, ի տարբերություն Հանրայինի, կարող են իրենց ինչ–որ բան թույլ տալ, բայց ոչ ամեն ինչ։
–Ընտրվելուց հետո Ձեր առաջին ասուլիսում հայտարարեցիք, որ չեք պատրաստվում կադրային փոփոխություններ կատարել, այնուամենայնիվ, հնարավո՞ր է արդյոք, որ «Հ1» բերեք կադրեր «Հայ TV»–ի Ձեր թիմից։
–Ոչ, «Հայ TV»–ի թիմը մնում է «Հայ TV»–ի թիմ, այն շատ լավն է, մենք այնտեղ շատ լավ կոլեկտիվ ունենք, այնպես որ ես մտադրություն չունեմ «Հայ TV»–ի կոլեկտիվին Հանրային բերել։ Այդ թիմն այնտեղ մնալու և աշխատելու է։ Հանրայինում էլ կա շատ լավ, պրոֆեսիոնալ թիմ, ուղղակի այդ թիմը պետք է աշխատի ավելի էֆեկտիվ։ Նոր ծրագրեր, նոր մտահղացումներ կան, որոնք կարծում եմ, որ այս կոլեկտիվով հնարավոր է իրականացնել։ Հնարավոր է, որ նոր ուժեր գան, համալրումներ լինեն, որովհետև հեռուստատեսությունը շնչող օրգանիզմ է, և երբեք չի կարող կանգնել. կանգնելու պահից այն կսկսի հետ գնալ։
– Գաղտնիք չէ, որ տարիների ընթացքում հանրությունը կորցրել է վստահությունը «Հ1»–ի՝ որպես անաչառ, ժողովրդի հոգսերն արտացոլող հեռուստաընկերության նկատմամբ։ Ի՞նչ եք պատրաստվում անել այդ վստահությունը վերադարձնելու համար, և ընդհանրապես, կարծում եք հնարավո՞ր է մի օր վերադարձնել այն։
–Առաջին հերթին նշեմ, որ ես այդպես չեմ կարծում, որ դեռ մի բան էլ ես փորձեմ ինչ–որ քայլեր անել։
–Այսինքն, կարծում եք, որ Հանրայինը վստահությունը չի՞ կորցրել։
–Ոչ, կարող է լինել մարդկանց ինչ–որ խումբ, որոնք այդպես են կարծում։ Առաջինը, ես այդպես չեմ մտածում և չեմ կարծում, որ մեծամասնությունն այդպես է կարծում, բայց դա չի նշանակում, որ անելիք չկա այդ ուղղությամբ։ Անելիքներ, իհարկե, կան, պետք է փորձել այդ ամենն անել, բայց դա էլ դեռ երաշխիք չէ, որ 100 տոկոսի համար Հանրայինը կլինի ընդունելի և ընկալելի։ Դա շատ սուբյեկտիվ է, անգամ եթե այդ ամենը անենք, դա դեռ չի նշանակում, որ հնարավոր կլինի բոլորին գոհացնել։ Ոչ մի հեռուստաընկերություն, ոչ մի լրատվամիջոց այդ հարցի պատասխանը չունի և չի կարող ունենալ։
– Խոսքը հնարավորին օբյեկտիվ և վստահելի լինելու մասին է։
–Այո, հնարավորինս պետք է ապահովել այդ վստահությունը, բայց դա 100 տոկոսով չի կարող լինել։ Որովհետև յուրաքանչյուր մարդու համար օբյեկտիվության, անաչառության ընկալման չափանիշները տարբեր են։ Հասարակության մոտեցումը երբեք 99 տոկոսով չի համընկնում։ Մի մասի համար լինում ես օբյեկտիվ, ինքնաբերաբար, մյուս մասի համար՝ ոչ օբյեկտիվ։
–Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքական բազմակարծությունը վերջին տարիներին ավելի է նվազել, եթե չասենք՝ ընդհանրապես չկա։ Գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո Ձեր առաջին մամուլի ասուլիսում ասացիք, որ «հեղափոխական փոփոխություններ» չեն լինի։ Արդյո՞ք սա նշանակում է, որ չպետք է փոփոխություններ սպասենք նաև բազմակարծության ապահովման առումով
–Իսկ ո՞վ է արել այդ հետազոտությունը։
– Դա տարածված կարծիք է։
– Ես համոզված եմ, որ այդ կարծիքն այսօր չի համապատասխանում իրականությանը, դրանում հաստատ վստահ եմ։
–Այսինքն, այսօր Հ1–ն ապահովո՞ւմ է բազմակարծություն։
–Այո, ներկայում այդ գործընթացն ավելի դրական է, քան նախկինում էր։
– Ներկայում ասելով՝ այս տարի՞ն նկատի ունեք։
–Ոչ, վերջին ժամանակաշրջանը՝ ավելի լայն ընդգրկմամբ։
–Այսինքն, հասարակության տրամադրություններն ի՞նչ չափով են արտացոլվում «Հ1»–ում, նաև ընդդիմությանը եթեր տրամադրելու մասով, ինչո՞ւ ընդդիմադիր գործիչները չեն հայտնվում «Հ1»–ի եթերում։
– Դա այդքան էլ այդպես չէ, որ ընդհանրապես ընդդիմությանը եթեր չի տրամադրվում, նաև որպես հեռուստադիտող եմ դա ասում։
–Կարո՞ղ եք խոստանալ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ընդդիմության ձայնը ավելի լսելի կլինի Հ1–ի եթերում։
–Նախ ասեմ, թե ես ինչպես եմ վերաբերվում իմ պաշտոնին։ Գործադիր տնօրենը գործադիր տնօրեն է, որն ապահովում է հեռուստատեսության մենեջմենթը։
–Ուզում եք ասել՝ գործադիր տնօրենը գաղափարաբովանդակային առումով որևէ ազդեցություն չունի՞։
–Չեմ ուզում ասել։ Նկատի ունեմ, որ գործադիր տնօրենի ֆունկցիան առաջին հերթին հեռուստամենեջերի գործն է, որն ապահովում է հեռուստատեսության էֆեկտիվ, կանոնավոր աշխատանքը։
–Առջևում խորհրդարանական և նախագահական ընտրություններն են։ Կարծիք կա, որ վերջին կադրային փոփոխությունները «Հ1»–ում արվում են ընտրությունների նախապատրաստման շրջանակում։ Ընտրությունների շրջանում սովորաբար մեծանում է գրաքննությունը «Հ1»–ի, մասնավորապես, «Հայլուր» լրատվականի թողարկումների բովանդակության նկատմամբ։ Հնարավո՞ր է, որ այս անգամ Հանրայինին հաջողվի որևէ առաջընթաց ունենալ խոսքի ազատության ու բազմակարծության ապահովման հարցում։
–Մինչև նախընտրական գործընթացները դեռ ժամանակ կա։ Ինձ չի թվում, որ իմ նշանակումը կապված է այդ գործընթացի հետ, պարզապես նախկին գործադիր տնօրենը, ինչպես գիտեք, դարձավ ՀՀ նախագահի մամուլի խոսնակը, և նրա տեղն այս մի քանի ամիսներին թափուր էր։ Արմեն Ամիրյանը եղել է ժամանակավոր պաշտոնակատար։ Մրցույթը նոր է հայտարարվել, կարող էր ավելի շուտ հայտարարվել կամ գուցե ավելի ուշ, բայց չեմ կարծում, որ իմ նշանակումը կապված է քաղաքական գործընթացների հետ։
Ինչ վերաբերում է գրաքննությունից խուսափելու հնարավորությանը, ենթադրում եմ, որ հնարավոր է խուսափել։ Դա միակ բանն է, որ կարող եմ ասել։ Պատճառն այն է, որ այսօր այլ գործընթացներ են տեղի ունենում, այսօրվա լրատվամիջոցներն ավելի ազատ են, այսօր ինտերնետ կա, տարբեր լրատվական կայքեր կան, այսօր լրատվական դաշտն ավելի բաց է, քան 10 տարի առաջ։ Այսինքն, այսօր մրցակցություն կա։
–Արդյո՞ք դա պայմանավորված է այն գիտակցումով, որ եթե մրցակցությանն ընդառաջ չգնաք, կկորցնեք լսարանը։
– Այո, այսօր Հանրայինն առաջատարների շարքում է։ Վարկանշային չափանիշներով «Հայլուր» լրատվականն առաջին տեղում է, և այդ առաջատարությունը պարտավորեցնող է։ Մենք կորցնելու և հապաղելու իրավունք չունենք։
–Ասում եք՝ դաշտն ավելի բաց է, մրցակցություն կա, բայց խնդիրն այն է, որ կան թեմաներ, որոնց մյուս լրատվամիջոցներն անդրադառնում են, իսկ «Հայլուրը»՝ ոչ։ Հարցն այն է, թե այս քաղաքականության մեջ փոփոխություն կլինի՞, թե ոչ։
–Յուրաքանչյուր լրատվամիջոց ինքն է որոշում՝ որ նյութը տալ, որը չտալ, ինչ թողարկել, ինչը՝ ոչ։ Այսինքն՝ ամեն մեկն ինքն է որոշում իր ռազմավարությունը, իր մոտեցումը։
–Ձեր մուտքը «Հ1» համընկավ նոր եթերաշրջանի բացման հետ: Ամեն տարի նոր եթերաշրջանից առաջ մեզ խոստանում են ավելի որակյալ, ճաշակով, ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ հաղորդումներ և ֆիլմեր: Եթերաշրջանները փոխարինում են իրար, ու ոչինչ չի փոխվում: Փոխվում են հաղորդումների անունները, բայց նույնն են հաղորդավարները, փոխվում են ֆիլմերը, բայց չեն փոխվում դերասաններն ու ռեժիսորը: Այսինքն՝«Հ1»-ը դարձել է Հայաստանի մոնոպոլիզացված տնտեսության մինի մոդելը: Եթե մոնոպոլիզացված տնտեսությունն ազդում է հասարակության սոցիալական մակարդակի վրա, ապա հեռուստատեսությունը հարվածում է միջին քաղաքացու ինտելեկտին ու ճաշակին: Կարո՞ղ ենք հուսալ, որ ձեր պաշտոնավարման ընթացքում ինչ–որ բան կփոխվի։
–Ես չեմ ուզում նախորդ ժամանակաշրջանի համար ինչ–որ բան ասել, բայց նաև կարծում եմ, որ Ձեր ասածն այնքան էլ մոտ չի իրականությանը. ամեն նոր եթերաշրջան մի նոր բան բերել է։
–Այսինքն, համաձայն չե՞ք, որ «Հ1»–ում հայտնվելն էլ մի շարք մարդկանց մենաշնորհն է։
–Յուրաքանչյուր ալիքում էլ այդպես է. ալիքներն ունենում են իրենց դեմքերը։ Ես կարող եմ միայն ասել, որ նոր եթերաշրջանում նորություններ կլինեն։ Ինձ թվում է՝ արդյունքները կտեսնեք մինչև նոր տարի։
—Կարծիք կա, որ եթե «Հ1»–ն անաչառ լուսաբաներ 2008թ. նախընտրական և հետընտրական իրողությունները, հնարավոր կլիներ խուսափել Մարտի 1–ից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
–Ես այսօր կարող եմ իմ մասնավոր կարծիքը հայտնել, որպես քաղաքացի, որպես հեռուստադիտող։ Ես կարծում եմ, որ Հանրային հեռուստաընկերության եթերից չեն միայն կախված բոլոր քաղաքական զարգացումները։ Եթե այդպես լիներ, մեր երկրում ամեն ինչ լավ կլիներ։ Ինչ վերաբերում է ընդդիմության գործունեության լուսաբանմանը, այն իրականացվել է հավասարակշիռ ձևով և դա վերաբերում էր բոլոր հեռուստաընկերություններին մոնիտորինգներ են արվել, թե որ հեռուստաընկերությունը ում որքան է լուսաբանել, այդ բոլոր թվերը կան, այնպես որ լուսաբանվել է, քաղաքական գովազդները հավասարաչափ բաշխվել են։ Կարծում եմ՝ միանշանակ գնահատականներ տալը սխալ է։
-Համամի՞տ եք, որ այսօր իրական ընդդիմությանը եթեր չի տրամադրվում, և ինչ–որ քայլեր ձեռնարկելո՞ւ եք այդ ուղղությամբ։
–Շատ եք քաղաքականացնում հարցազրույցը։
–Հանրային հեռուստաընկերությունը գործում է նույն բիզնես-մոդելով, ինչ Հայաստանում գործող մասնավոր հեռուստաընկերությունները, գումարած դրան՝ ստանում է հսկայական պետական ֆինանսական աջակցություն։ Այնուամենայնիվ, անզեն աչքով երևում է, որ առաջատար մասնավոր հեռուստաընկերություններն ավելի արագ են զարգանում, քան Հանրայինը։ Ձեր կարծիքով` ո՞ր օղակը ճիշտ չի աշխատում։
–Հանրային հեռուստատեսությունն իր խնդիրներն ունի։ Դուք «Հ1»–ն եք տեսնում, բայց այս կառույցի մեջ կա «Երևան» ստուդիա, «Արարատ» մշակութային ալիք, որոնց վրա ևս մեծ գումարներ են ծախսվում, Հանրայինը սփռվում է ամբողջ աշխարհում, դա էլ է մեծ գումարներ պահանջում, որոնք կոմերցիոն տեսանկյունից միգուցե արդարացված չեն, բայց տարիներ շարունակ արվել են, քանի որ բխում են ազգային, պետական շահերից։ Այնպես որ, երբ խոսում ենք ֆինանսական միջոցներից, չպետք է մոռանանք, որ խոսքը հսկայական կառույցի մասին է, որը կատարում է հասարակության առջև ստանձնած պարտավորությունները։
–Հանրության ֆինանսական ռեսուրսներից սնվելու հանգամանքը ենթադրում է նաև պատասխանատվություն նույն հանրության առջև։ Որպես գործադիր տնօրեն՝ մտածե՞լ եք հասարակության առջև հաշվետու լինելու մեխանիզմների կամ որոշակի պարբերականությամբ հասարակության առջև հանդես գալու նախաձեռնության մասին։
– Լավ գաղափար է։ Այդ մեխանիզմները պետք է մշակվեն ու զարգացվեն, և ժամանակ առ ժամանակ Հանրայինը պետք է ներկայացնի իր կատարած գործունեությունը։ Չնայած այդ ամենը եթերում երևում է։
Հարցազրույցը վարեց Գոհար Գևորգյանը










