Lehman Brothers-ն աճուրդի է հանել արվեստի գործերը
Ամերիկյան Lehman Brothers ներդրումային բանկը, որի սնանկացումով 2008թ. գործնականում սկսվեց համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամը, վաճառքի է հանել իր` արվեստի գործերի հավաքածուի մի մասը: Շաբաթ օրը Sotheby՚s աճուրդային տանը (Նյու Յորք) կայացած վաճառքը սնանկացած ֆինանսական հսկային բերել է մոտ $12,3 մլն: Բանկի սեփականատերերի հավաստիացմամբ` այս գումարը կծախսվի ընկերության հսկայական պարտքերի մի մասի վճարման համար:
Աճուրդի ընթացքում գերազանցվել է տարբեր հեղինակների 17 աշխատանքների գնի սեփական ռեկորդը: Մասնավորապես՝ ավելի քան $1 մլն-ով ձեռք է բերվել ամերիկացի ժամանակակից նկարչուհի Ջուլի Մերետուի կտավը: Աճուրդի տասը ամենաթանկ լոտերի թվում են գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի և Նեո Ռաուխի կտավները: Մյուս կողմից` ժամանակի ամենաբարձր վարձատրվող նկարիչներից մեկի` բրիտանացի Դեմիեն Հերստի աշխատանքները, որ Sotheby՚s-ի մասնագետները ծրագրել էին ամենաթանկը վաճառել, այդպես էլ չգտան իրենց գնորդին:
Հիշեցնենք, որ Lehman Brothers-ը սնանկացման մասին դիմում էր ներկայացրել դատարան երկու տարի առաջ` 2008թ. սեպտեմբերի 15-ին: Այդ պահին բանկի հաշվեկշռում հաշվվում էին $639 մլրդ-ի ակտիվներ, իսկ պարտավորությունները գերազանցում էին $760 մլրդ-ը: Բանկի բաժնետոմսերն այդ օրն արժեզրկվեցին 90%-ով, իսկ ԱՄՆ-ի ֆոնդային բորսաները 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո մեկօրյա առավելագույն անկում արձանագրեցին: Բանկի սնանկացումը «նշանավորեց» համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկիզբը: Ի դեպ` ընկերության ղեկավարությունը նշում է, որ սնանկացումից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱՄՆ-ի կառավարությունը ճիշտ քայլեր ձեռնարկեր: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










