Աշխարհի ոչ մի հանդիսատես չի համեմատվի հայ հանդիսատեսի հետ. Էռնա Յուզբաշյան (տեսանյութ)

18:24 • 28.09.10

«Ես հայ եմ եղել, ես հայ եմ մնացել»,– այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց հայազգի երգչուհի Էռնա Յուզբաշյանը, որը մոտ երկու տասնամյակ ապրել է Միացյալ Նահանգներում։ «Ես 17 տարի ապրել եմ Միացյալ Նահանգներում, բայց ուզում եմ, որ իմ աղջիկը Հայաստանում մեծանա, հայ մեծանա՝ չնայած հարյուրտոկոսանոց հայ է, հայկական դպրոց ավարտի, շփվի հայերի հետ»,– շարունակեց Էռնա Յուզբաշյանը։

Իր երաժշտական պրոդյուսերի հետ միասին երգչուհին հանդիպեց լրագրողներին՝ տեղեկացնելու Երևանում սեպտեմբերի 30–ին կայանալիք իր համերգի, ինչպես նաև իր նոր երաժշտական ալբոմի մասին։

«Մեր հանդիսատեսը տարբերվում է աշխարհի բոլոր հանդիսատեսներից։ Ես շատ երկրներում եմ աշխատել, բայց ոչ մի երկրի հանդիսատես չի կարող համեմատվել հայ հանդիսատեսի հետ։ Հավանաբար պատճառը խառվածքն է, արյունը, միգուցե նաև այն, որ ես յուրային եմ»,– ասաց երգչուհին։