Rolling Stones–ից մինչև Jay-Z. Օբամայի երաժշտական ճաշակը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Rolling Stones ամսագրին պատմել է իր երաժշտական նախասիրությունների մասին։ Նա նախկինի պես գերադասում է իր երիտասարդ ժամանակների երաժշտությունը՝ ռոքն ռոլ՝ The Rolling Stones–ի կատարմամբ, Բոբ Դիլանի բալադները, ինչպես նա Սթիվի Ուանդերի սոուլ ստեղծագործությունները։
Օբամայի երաժշտական ճաշակը, սակայն, բազմազան է. Ջոն Կոլտրեյնի կամ Մայլս Դևիսի ջազից մինչև Մարիա Կալլասի օպերային դերերգերը։ Օբաման խոստովանել է, որ նաև դասական երաժշտության մեծ սիրահար է։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։
«Կան օրեր, երբ Մարիա Կալլասն այն է, ինչ ինձ պետք է»,– խոստովանել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ իր iPod–ում կա մոտ 2000 երգ։
ԱՄՆ նախագահը պատմել է, որ վերջին շրջանում հետաքրքրվում է ռեփով՝ իր օգնական ու նախկին բասկետբոլիստ Ռեջի Լավի շնորհիվ։ Ռեփ կատարողների ցուցակում Jay-Z–ին ավելացել են Nas–ը, Lil Wayne–ը և ուրիշներ, այդուհանդերձ, Օբաման նշել է, որ այդքան էլ լավ չի տիրապետում այդ երաժշտական ուղղությանը։










