Մահացել է «Բոնին և Կլայդը» ֆիլմի ռեժիսորը
ԱՄՆ–ում 88 տարեկանում վախճանվել է ռեժիսոր Արթուր Փենը։ Նրա մահվան պատճառ է դարձել սրտի անբավարարությունը։ Այս մասին հայտնում է The Los Angeles Times–ը։
Ռեժիսորը հռչակ է ձեռք բերել 1967թ. «Բոնին և Կլայդը» կինոնկարի շնորհիվ, որը պատմում է Մեծ դեպրեսիայի ժամանակների հայտնի կողոպտիչներ Բոնի Փարքերի ու Կլայդ Բարոուի մասին։ Ֆիլմն արժանացել էր երկու «Օսկարի» և էական ազդեցություն ունեցել ամերիկյան կինեմատոգրաֆիայի զարգացման վրա։
Փենը հայտնի էր նաև որպես թատերական ռեժիսոր։ 1960թ. Արթուր Փենը The Miracle Worker –ի («Հրաշագործը») բեմադրության համար արժանացել է «Տոնի» մրցանակի։










