Դելֆիններ, ծովային կատուներ, ջրառյուծ. Երևանում կառուցվում է դելֆինարիա
Երևանի քաղաքապետարանը սկսել է Կոմիտասի անվան զբոսայգու վերականգնման աշխատանքները: Զբոսայգին տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել էր մասնավոր մի ընկերության, պայմանով, որ վերջինս ապահովի զբոսայգու խնամաքն ու բարեկարգումը։ Բայց տնտեսվարողը զբոսայգին պահպանելու ու բարեկարգելու ուղղությամբ ոչինչ չի արել: 90-ականներից չգործող կարուսելներն ու ատրակցիոնները մետաղակույտի են վերածվել։ Երևանի երբեմնի լավագույն զբոսայգուց որպես հուշ մնացել են միայն ծառերը ։ Զբոսայգու տարածքից վերջին տարիներին առանձնացվեց Պանթեոնը, որը բարեկարգ վիճակում է:
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնանարել է կազմել Երևանի զբոսայգիների վերականգնման ծրագիր, որտեղ առաջնահերթություններից մեկը տրվել է հենց Կոմիտասի անվան զբոսայգուն։ Ինչպես նշեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ելնելով զբոսայգու անմխիթար վիճակից, որպես առաջին քայլ անբարեխիղճ տնտեսվարողի հետ խզվել է պայմանագիրը:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, հաջորդ քայլն արդեն զբոսայգու վերականգնումն է։ Վերականգնման ծրագրի շրջանակներում այստեղ կառուցվում է Հայաստանում առաջին դելֆինարիան: Դելֆինարիաները վաղուց արդեն հանգստի հրաշալի գոտիներ են աշխարհի առաջատար շատ քաղաքներում: Նման հաճելի հանգստի գոտի պետք է ունենա նաև Երևանը. քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այս նախաձեռնությանն արձագանքած քաղաքներից նախապատվությունը տրվեց նման նախագծերի մեծ փորձ ունեցող օդեսացի մասնագետների առաջարկին` ուկրաինական «Ներում» ընկերությանը։
Ուկրաինական «Ներում» ընկերության տնօրեն Ալեքսանդր Մեռլյանի խոսքով, ընկերությունը դելֆինարիաներ է կառուցել Կիևում, Օդեսայում, Դոնեցկում, Խարկովում:
Դելֆինարիան զբաղեցնելու է Կոմիտասի անվան զբոսայգու վաղուց արդեն չգործող նախկին ատրակցիոնի տարածքը: Մուտքը Արշակունյաց պողոտայի կողմից է` զբոսայգու երրորդ մուտքից։ Մետաղական կոնստրուկցիայով կառույցի ստորին հատվածում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումները։ Իսկ աստիճանները կտանեն դեպի տրիբունա, որտեղ 5 մետր խորությամբ 18 մետր շառավղով ջրավազանն է։ Երկուսուկես ամիս անց այստեղ կլողան 4 դելֆիններ, երկու ծովային կատու, մեկ ջրառյուծ: Ջրային կենդանիները Երևան կբերվեն Օդեսայից։
Ալեքսանդր Մեռլյանն ընդգծել է, որ իրենց մասնագետները ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվեն նշված կենդանիներին հատուկ կենսապայմանները: Ջրավազանը աշխատելու է ողջ տարին. ամռանը բացօթյա, իսկ ձմռանը կփակվի ապակյա ծածկով։ Ջրի ջերմաստիճանը մշտապես լինելու է 20-22 աստիճան, ջրավազանում 1500 խմ ծավալով ջուր է լցվելու, ինչը լիովին բավարար ջրային միջավայր է, որպեսզի կենդանիներն իրենց հարմարավետ զգան։
Դելֆինարիան կառուցում են հիմնականում ուկրաինացի մասնագետներ։ Շինարարությունն իրականացնող ուկրաինական այդ նույն կազմակերպությունն իրականացնելու է նաև դելֆինարիայի սպասարկումն ու շահագործումը։ Կառույցը նախատեսված է 900 հանդիսատեսի համար։ Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգումը շարունակական է լինելու. դելֆինարիայի շահագործումից ստացված եկամուտներն ամբողջությամբ ուղղվելու են զբոսայգու բարեկարգման և պահպանման նպատակին։
Բարեկարգման ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի կողմից զբոսայգում անցկացվելու են ոռոգման և արտաքին լուսավորության նոր ցանցեր, տեղադրվելու են կարուսելներ, վերականգնվելու են ծառուղիները, կառուցվելու է ավտոհանգրվան։
Երևանի քաղաքապետը ցանկանում է զբոսայգին զերծ պահել խայտաբղետ կառուցապատումներից ու կամայականություններից ։ Երևանի քաղաքապետարանը նույն քաղաքականությունն է կիրառելու նաև Երևանի մյուս զբոսայգիներում։ Ելնելով երևանցիների շահերից՝ անբարեխիղճ տնտեսվարողների հետ անհատույց օգտագործման պայմանգիրը խզելու Կոմիտասի զբոսայգու նախադեպը կկիրառվի նաև հետագայում։










