Հետագայում թուրքերը գուցե եկեղեցու պատերն էլ համբուրեն. հուշարձանագետ

12:13 • 01.10.10

Անի տաճարում նախատեսվող նամազը հուշարձանագետ Սամվել Կարապետյանը անվանեց «Թուրքիայի շշմեցնող առաջադիմություն»։
«Մենք բոլորս ուրախանալու առիթ ունենք։ Դարեր շարունակ մեր եկեղեցիները պղծվել են, զուգարանի են վերածվել, իսկ հիմա նամազ են անելու։ Ես անձնապես ուրախ եմ»,- այսօրվա ասուլիսին ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ հետագայում թուրքերը գուցե եկեղեցու պատերն էլ համբուրեն։

Նրա խոսքով՝ այս ամենի նպատակն է դիպչել հայերի զգացմունքներին և վիրավորել նրանց։ «Նամազը գոնե անցկացնեին այն եկեղեցում, որն անցյալում մզկիթի էր վերածվել։ Շնորհավորենք նրանց, որ հասկացել են, որ Աստծո տաճարում պետք է աղոթել, այլ ոչ թե ուրիշ գործողություններ անել»,- ասաց նա։

Փորձագետը հավելեց, որ նույն քաղաքականությունը հայկական հուշարձանների նկատմամբ վարում էին ադրբեջանցիները։ Որպես օրինակ նա նշեց Արցախի Ղազանչեցոց եկեղեցին, որը «ժամանակին նույնպես հասարակական զուգարան էր»։