Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկազմակերպվի ֆրանսիացի գրող և ռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեին նվիրված ցուցահանդես
Հայաստանում Ֆրանսիական գրականության օրերի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կկազմակերպվի հայտնի ֆրանսիացի գրող և ռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեին նվիրված ցուցահանդես:
Հոկտեմբերի 2-8-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվող ցուցահանդեսը ներկայացնելու է նշանավոր գրողի անձնական արխիվի տարբեր նմուշներ, որոնք ներկայումս պահվում են ֆրանսիական Memoires de l’Edition Contemporaine(IMEC) ինստիտուտում:
«Ֆրանսիական գրականությանը նվիրված այս յուրահատուկ ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր հետևողական մասնակցությունն է ցուցաբերում միջազգային մշակութային հարաբերությունների կայացմանը: Մենք ուրախ ենք, որ մասնակից ենք դարձել Ֆրանսիական գրականության օրերին և հնարավորություն ունենք նպաստել Հայաստան-Ֆրանսիա կամրջի ամրապնդմանը»,- ասել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ալեն Ռոբ-Գրիյեին և «Նոր վեպ» գրական շարժմանը նվիրված Ֆրանսիական գրականության օրերը Երևանում կազմակերպել են Մշակութային գործունեության և համագործակցության ծառայության, «Հայաստանում ֆրանսիական դեսպանատան Գրադարանի Ընկերներ» ընկերակցության, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և IMEC-ի համատեղ ջանքերով` գրողի այրի Կատրին Ռոբ-Գրիյեի անմիջական աջակցությամբ: Ցուցահանդեսից բացի, միջոցառումների շարքն ընդգրկում է ֆիլմերի ցուցադրություններ, դասախոսություններ և քննարկումներ տարբեր մշակութային օջախներում և բուհերում:
Ֆրանսիացի նշանավոր գրող և կինոռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեն համարվում է «Նոր վեպ» գրական շարժման հիմնադիրներից մեկը: Այդ շարժումը սկիզբ է առել 1950 թվականին` իբրև ֆրանսիական դասական վեպի ժանրի վերաիմաստավորում: Ռոբ-Գրիյեի ամենաճանաչված վեպերից են «Դիտորդը» և «Խանդը»: Ռոբ-Գրիյեն նաև հայտնի է իր սցենարներով, որոնցից մասնավորապես կարելի է նշել Ալեն Ռեսնեի 1961 թվականին նկարահանված «Անցյալ տարի Մարիենբադում» ֆիլմի սցենարը: Վաթսունական թվականների ֆրանսիական կինոյի լավագույն նմուշներից մեկը համարվող այդ ֆիլմին հաջորդել են նաև այլ ֆիլմեր, որոնց սցենարիստը և ռեժիսորը հենց ինքը` Ռոբ-Գրիյեն էր:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները բերել Հայաստան և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը։










